ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում հայտարարեց, որ որպես առաջնային, հիմնական խնդիր տեսնում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը։ Ըստ նրա, պետք է արտոնություններ պետք է տալ, որպեսզի բարելավվի ժողովրդի կյանքը։
Երկրորդ բարեփոխումը, ըստ պարոն Ծառուկյանի, պիտի կատարվի վարկային համակարգում։
«2009 թվականից ասում եմ՝ սա լոմբարդային համակարգ է, հարկավոր է, որ մարդը վարկային համակարգ դիմելուց օգտվի, ոչ թե դիմելուց եղածը կորցնի։Հիմնական խնդիրները կան, գյուղատնտեսական վարկեր, փոքր ու միջին բիզնեսի վարկեր, երիտասարդական ընտանիքների վարկեր։ Աշխարհով մեկ այդ ֆոնդը կա, որը տրվում է, այսօր մեր բանկի սեփականատերերը պետք է կապեր ունենա, հնարավորություն ունենան էժան տոկոսով՝ 0 տոկոսով, 0,25 տոկոսով վարկեր վերցնելու։ Եթե 0 տոկոսով, 0,25 տոկոսով վարկեր բերվի, երկու տոկոսով տրվի ժողովրդին, ամեն մեկին իր հնարավորության սահմանում, չեմ ասում ամեն մեկին կարելի է նույն քանակը տալ, եթե մարդն իր գործունության համար վերցին 2 միլիոն կամ 1 միլիոն դրամ, նա տարվա վերջին վճարելու է 40 հազար դրամ։ Մարդը կկարողանա համ իր գումարը փակի, համ իր գումարները տնտեսի, իր տնտեսության համար կարողանա օգտագործել։ Բանկերի քանակը, եթե այսօր 20-22-ն են, թող լինեն 3-4-ը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նրա ասելով, բանկերում պետք է մրցակցությունը մեծ լինի, ամեն մեկը տոկոսը ցածր սահմանի։
Ծրագրի հաջորդ դրույթը վերաբերում էր ուսանողներին։ Գագիկ Ծառուկյանի ասելով՝ նա, ով դպրոցում ոսկե մեդալ է ստացել, իսկ բուհում կարմիր դիպլոմ, իրավունք չունի անգործ մնալու։
«Մարդը կարմիր դիպլոմով ավարտում է ու մնում է փողոցում, կամ պիտի գնա տաքսի քշի, կամ ուրիշ աշխատանք կատարի, կամ թողնի երկրից գնա։ Դրա համար էլ տնտեսությունը չի զարգանում, տնտեսությունը զարգանում է գիտության հիման վրա։ Էժան աշխատուժի վրա չի զարգանում, մենք պետք է ուսանողությանը ուշադրություն դարձնենք։ Ուսանողն այսօր կարող է դուրս մնալ ինստիտուտից կամ համալսարանից ուսման վճարը չվճարելու պատճառով»։
Պարոն Ծառուկյանն առաջարկում է ուսման վարձը վճարել ավարտելուց հետո՝ տաս տարվա ընթացքում, երբ նա կանցնի աշխատանքի ու ամսական 20 հազար դրամի չափով կվճարի։
Նա հատուկ անդրադարձ կատարեց Գյումրիին՝ նշելով, որ այսօր դեռ դոմիկներ կան, աշխատանք չկա։ «21-րդ դարում ենք, արդեն 30 տարին բոլորում է, որ մարդիկ դոմիկներում են, որն առաջնային խնդիր է, պետության խնդիրն է, որ այդ հարցը կարգավորի։ Ես ոչ մի անգամ մյուս ուժերի պես չեմ ասում՝ զարգացնենք, ծաղկեցնենք, հզորացնենք, բայց այդ մարդիկ իրական կյանքում թող իրենց, ոնց ասեմ, աշխատանքով ծաղկեցրած լինեին որևիցե բան, նոր խոսեն ժողովրդի վիճակի բարելավելուց։ Թող իրենք իրենց վիճակը բարելավեն, նոր խոսեն պետության, ժողովրդի վիճակը բարելավելուց, մարդ պետք է անցած ճանապարհ ունենա, փորձ ունենա, կատարած գործ ունենա։ Այսօր ես բնակարաններից խոսում եմ, ասում եմ, ես միշտ էլ աջակցել եմ որպես մարդ»։
Նա խոսեց նաև ներդրումների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին, ասաց, որ օրենք պետք է ընդունել, որ մարդիկ գան ներդրումներ անեն, ոչ թե խնդրենք, թե եկեք ներդրում անելու։ Այնուհետ նոր միայն, ըստ Գագիկ Ծառուկյանի, պիտի մտածել հարկերը բարձրացնելու մասին։
«Այսօր պետք է, որ մենք կարողանանք մեր ժողովրդի մասին մտածել, որ գազը տունն ա, բայց երեխաները մրսում են, գազ չեն վառում, չեն վառում, որովհետև գումարը քիչ է»։
Նա անդրադարձավ նաև առողջապահական բարեփոխումներին, ասաց, որ պետությունը գումար է տրամադրում բուժվելու համար, սակայն նպատակին չի ծառայում, փոշիանում է։
« 170 միլիոն դոլար տրամադրում է առողջապահությանը, բայց ժողովուրդը դրանից չի օգտվում, ասում է պետպատվեր է, գրանցվի, գրանցվում ես, ասում են՝ վերջացել է։ Մարդիկ չեն կարողանում հիվանդանոց գնալ՝ գումար չունենալու պատճառով»։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, ծրագիրը պիտի փոխել․ հիվանդանոցները դարձնել անվճար, այդ գումարը տրամադրել, որ մարդիկ որևէ խնդրի դեպքում գնան, ստուգվեն, վիրահատվեն, բուժվեն։ Նա առաջարկում է, որ ամեն մարզում լինի մեկական հիվանդանոց, Երևանում էլ երկու հատ, փողատերերն էլ գնան բուժվեն վճարովի, այլ հիվանդանոցներում։
Նա անդրադարձավ նաև բանակում ծառայելուն։
«Այսօր ամենակարևորագույն, ամենացավալի խնդիրը ես ասել եմ և պնդում եմ, որ առաջին գծում 18 տարեկան զինվոր չպիտի լինի, պիտի լինի պայմանագրային զինվոր, որը փորձառու է։ 18 տարեկան մեր երիտասարդները դուխով են, հզոր են, բայց նրանք մերն են, անփորձ են»,-ասաց բանախոսը։
Գագիկ Ծառուկյանը նաև ասաց, որ պիտի զարգացնել ռազմարդյունաբերությունը։
«Մեր հարցերը կկարգավորի, սիրելի ժողովուրդ, որ մենք ունենանք հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիքներ, ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, թույլ մարդու հետ հաշվի չեն նստում»։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, Արցախի անկախության միջազգային ճանաչման համար էլ պետք է հզոր լինենք, չլուծվող խնդիր չկա։
Նա անդրադարձավ նաև տնտեսական աճին ՝ասելով, որ դա ժողովուրդը պիտի զգա իր առօրյայում։
«Այսօր թվերը ինչքան ճոխ ուզում ես ասա՝ 5 տոկոս,10 տոկոս, 15 տոկոս, թեթևակի մի տոկոսի դեպքում ժողովուրդը դա զգում է, զգում է իր առօրյայում, իր հագուկապի մեջ, իր ընտանիքում, իր սառնարանի վիճակին նայելով։ Մարդկանց առօրյա ապրելակերպը գնահատելու համար պետք է շրջես, նայես, հագուկապը, դեմքի ժպիտը, արդեն դու կհասկանաս այդ երկրում տնտեսական աճ կա՞, թե՞ չկա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ