«ՀՅԴ վերնախավը դարձի է գալիս`փորձելով կրկին համապատասխանել կուսակցության անվան հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում հարազատ կուսակցության վերնախավին կոշտ քննադատության ենթարկեց ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված, նաեւ Արագածոտնի մարզում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուներից Ղազարոս Մահտեսյանը: Դարձի շրջանակներում, ըստ մեր զրուցակցի, կուսակցությունում որոշում է կայացվել`վարկանիշային ցուցակում ընդգրկել այնպիսի կուսակցականների, ովքեր «ներքին ընդդիմություն» են եղել եւ դեմ են արտահայտվել ՀՅԴ-ի`վերջին շրջանի կոալիցիաներին:
Կուսակցական վերնախավն, ըստ մեր զրուցակցի, ստիպված էր դա անել. «Հեղափոխությունից հետո ամեն ինչը պետք է փոխվեր եւ դեպի դրականը: Ողջ հանրապետությունում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուները`բոլորն էլ մաքուր կենսագրություն ունեն եւ դրական կերպարներ են: Մեծամասամբ`մարդիկ, ովքեր դեմ են եղել ՀՅԴ-ի նախկին գործելաոճին: Կուսակցական վերնախավը սերտաճել էր իշխանությունների հետ այն աստիճան, որ էլ մեկը մյուսից չէին տարբերվում: ՀՀԿ-ն ոչ ազգային կառույց է, ՀՅԴ-ն ազգայնական»:
Եթե քարոզարշավի ժամանակը մի փոքր շատ լիներ, մեր զրուցակիցը չի կասկածում, որ վերափոխված-հեղափոխված ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն կունենար. «Ժողովուրդը կտեսներ, որ ՀՅԴ-ն փոխվել է, կտեսներ, որ ՀՅԴ-ում էլ չկան մարդիկ, որ գիշերով կարող են գնալ եւ քվեարկություն անել: Ժողովրդի իդեալը լինելով, օրինակ, ես, բացառում եմ, որ ժողովրդից թաքուն ինչ-որ քվեարկություն անեմ կամ միանամ ժողովրդական շարժմանն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է: Փրկության օղակը մարդուն պետք է տալ, երբ ինքը ջրի մեջ է: Բայց ժողովուրդն արդեն դուրս էր եկել ափ, երբ ՀՅԴ-ն միացավ թավշյա հեղափոխությանը: Կարծում եմ, որ ամենամեծ սխալն այստեղ էր եւ վստահեցնում եմ, որ ՀՅԴ-ի`նորացված կազմի ընտրվելու դեպքում նմանատիպ ոչ մի բան չի լինի»:
ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն օրերս խիստ քննադատության էր ենթարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: ՀՅԴ-ական երիտասարդներին նա կոչ էր արել`կոշտ ընդդիմություն լինել «Լեւոն Տեր-Պետրոսյանի դպրոցի սաներին», որոնք «ռեւանշի են դուրս եկել»:
Մեր զրուցակիցն այստեղ վտանգ տեսնում է, քանի որ համամիտ է` Նիկոլ Փաշինյանն ավարտել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դպրոցը: «Բայց, այդ նույն դպրոցն էին ավարտել թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, որոնց հետ, կարծես թե, Հրանտ Մարգարյանը համագործակցության եզրեր գտել էր»,- ասաց նա եւ հավելեց. «Իսկ ի՞նչ պիտի անի հիմա ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն, որպես ընդդիմություն, հիմա պետք է պայքարի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքերը չհասնեն Նիկոլ Փաշինյանին: Ինչքան էլ հիմա Փաշինյանը փորձում է իրեն հեռու պահել Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ նրա մանր-մունր մանկլավիկներից, որոնք հիմա ընկած են Փաշինյանի ետեւից`մեկն օճառով, մյուսը` մնացած ատրիբուտներով… ՀՅԴ-ն այստեղ ոչ թե պետք է մեղադրի Փաշինյանին, այլ պետք է օգնի: Ու ոչ միայն այդտեղ: Շատ հարցեր կան, որ ընդդիմություն լինելով, պետք է օգնի: Օրինակ`ՀԱՊԿ-ում»:
Մեր զրուցակցի կարծիքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ծավալված իրադարձություններում, Սերժ Սարգսյան- Լուկաշենկո-Նազարբաեւ եռանկյունին փորձում էր Փաշինյանի դեմ աշխատել, ինչից օգտվեց մյուս եռանկյունին`Ալիեւ-Լուկաշենկո-Նազարբաեւ`արդեն աշխատելով ոչ թե Փաշինյանի, այլ ՀՀ-ի դեմ. «Այս պարագայում, բոլորս պետք է համախմբվենք եւ ՀՀ-ի պատիվը, շահն ու անվտանգությունը պահենք`անկախ նրանից թե ո՞ւմ դեմ է կռիվը»:
Ղազարոս Մահտեսյանը, մեկ հարցում, սակայն, համամիտ է կուսակցական ընկեր Հրանտ Մարգարյանի հետ` 1996-թվականը իրադարձությունների մեղավորները եվս պետք է պատժվեն: Ավելին, ըստ նրա, 2008-ի մարտի 1-ը ծնունդն էր 1996 թվականի իրադարձություների. «1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի տնկած ծառը 2008-ին ծաղիկ տվեց: Միայն, ի տարբերություն 2008-ի, փառք Աստծո, 1996-ին զոհեր չունեցանք»: Ինքը վստահ է, որ այն ժամանակ էլ իշխանությանը ոչնչի առաջ կանգ չէր առնելու, եթե անգամ 800 վիրավորի փոխարեն 800 զոհ լիներ, քանի որ որոշված էր`Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է կառավարի: Սահմանադրական կարգի խախտումն իր համար մեկ նախադասությամբ է բնորոշվում`ժողովրդի կամքը հաշվի առնվո՞ւմ է, թե`ոչ: Ինքն այն կարծիքին է, որ 1996-ից սկսած հաշվի չի առնվել:
Մոտակա 15 տարիներին, մեր զրուցակիցը ՀՀԿ-ին չի տեսնում ակտիվ քաղաքականությունում: Ասում է, ՀՀԿ-ին շատ ժամանակ է պետք`մաքրվելու համար: Չի կարծում նաեւ, որ «Իմ քայլը» դաշինքն 80 տոկոս վարկանիշ ունի: Ասում է`այդքան վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանը, որից օգտվում են դաշինքի թեկնածուները. «Ճառերի մեջ որեւէ մեկն իր ծրագրից ոչ մի բան չի խոսում: Միայն ասում են, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Իսկ դա շատ քիչ է, որ իրենք ինչ-որ բանի հասնեն: Կարծում եմ, որ այստեղ էլ պետք է օգնենք Փաշինյանին, որպեսզի ձերբազատվի ոչ բանիմաց մարդկանցից, ովքեր շահից, պահից դրդված են եկել: Պիտի օգնենք, որ մաքրի. նորաստեղծ կուսակցություն է, ով ասես`կարող է մտնել: Հեղափոխությունից հետո, տրամաբանական է, որ նման բաներ լինելու են»: Վստահ է, որ Փաշինյանն ունի իրենց օգնության կարիքը. «Ժողովրդավարական երկիրն ու իշխանությունը շատ ունեն մի ընդդիմության կարիք, որը միայն չէ ասելու համար չէ»: Իսկ որ գործող իշխանությունը ժողովրդավար է, ինքը կասկած չունի: Գործող իրականության մեջ էլ, իր համոզմամբ, ՀՅԴ-ն միակ ուժն է, որը կարող է ընդդիմություն լինելով հանդերձ`մեծ ծառայություն մատուցել ՀՀ իշխանություններին`արտաքին հարաբերություններում. «Միայն ՀՅԴ-ն է, որ 32 երկրներում հայապահպանությամբ զբաղվող 150 կառույց ունի: Չօգտագործել մի ռեսուրս, որը հարյուր տարուց ավել հայապահպանությամբ է զբաղվում, ոչ մի իշխանության համար խելամիտ չի լինի: Ով էլ ՀՀ-ում գա իշխանության, միանշանակ ունենալու է ՀՅԴ-ի կարիքը, եթե ոչ ներսում, ապա գոնե դրսում: Իսկ դրսում այդ հնարավորությունն օգտագործելու համար, ՀՅԴ-ն գոնե պառլամենտում պետք է ներկայացված լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
իշտէ, ասոր պէս հայաստանցի իբրեւ թէ «դաշնակներ»ն են որ քանդեցին այդ կուսակցութիւնը
եւ դա տեղի ունեցաւ Հրանտ Մարգարյանի ղեկավար դառնալէն շա՜տ առաջ
Հրանտ Մարգարյանը այդ դիրքին չէր կրնար հասնել, եթէ այս տեսակները կուսակցութիւնը փճացուցած չըլլային
այս թեկնածուն ալ պարզապէս պատեհապաշտ մըն է – առաջին անգամն եմ որ կը լսեմ իր մասին –
այսպէսով թէ՛ ընտրութիւնը պիտի կորսնցնեն, թէ՛ կուսակցութեան պատիւը – կամ ինչ որ դեռ մնացած էր անկէ… –