Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը խոստացել էր վերգետնյա անցումի հարցը լուծել, բայց չի հասցրել. գողերը մտել են ու քաղաքացու բնակարանը թալանել

Դեկտեմբեր 06,2018 18:08

Չորս օր առաջ Աննա Վարդանյանի տունը թալանել են: Գողերը քաղաքացու բնակարան են մուտք գործել անմիջապես շենքի հարեւանությամբ կառուցված վերգետնյա անցումի միջոցով: Անցումը բնակչի բնակարանից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա է գտնվում:

Մոտ 5 տարի է Բագրատունյաց փողոցում կառուցված վերգետնյա անցումը ապամոնտաժելու պահանջով Աննա Վարդանյանը եւ շենքի այլ բնակիչներ դիմում են քաղաքային իշխանություններին, սակայն իրենց խախտված իրավունքները չեն կարողանում վերականգնել:

Օրեր առաջ էլ տիկին Վարդանյանը Երեւանի քաղաքապետարանից նամակի պատասխանն է ստացել՝ դիմեք դատարան:

Aravot.am-ի հետ զրույցում Աննա Վարդանյանն ասաց, որ նոր քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում իրենց անձամբ Հայկ Մարությանն է խոստացել, որ ընտրվելու դեպքում այս հարցը կլուծի: Ինչպես բնակիչներն են պնդում, վերգետնյա անցումը կառուցվել է քաղաքաշինական կոպիտ խախտումով, անմիջապես բնակիչների պատուհաններին կպած: Այս մասին հավաստել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները՝ նշելով,որ քաղաքաշինական նորմերը խախտված են:
«Մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Մի օր արթնացել ենք տեսել, որ սկսել են կառուցել: Ամռանը շոգից խեղդվում ենք, բայց չենք կարողանում պատուհան բացել, մի քանի օր առաջ էլ մեր բնակարանը թալանեցին, դիմել եմ ոստիկանություն: Քաղաքային նախկին իշխանությունները զրկել են մեզ ապրելու իրավունքից, նորերն էլ խոստացել են, որ հարցը լուծելու են, սակայն դեռ որեւէ գործնական քայլ չեն անում»,-ասաց Աննա Վարդանյանը:

Տիկին Վարդանյանի խոսքով, ինքն անցած ուրբաթ, նոյեմբերի 30-ին է եղել Երեւանի քաղաքապետարանում եւ այնտեղ մեծ աղմուկ բարձրացնելուց հետո, նրան խոստացել են հարցը ներառել ավագանու առաջիկա նիստերից մեկում. «Ասացին՝ հարցում կանեն իրավասու մարմիններ եւ, եթե որոշվի, որ քաղաքաշինական խախտումներով է անցումը կառուցվել, ապա, հարցը կլուծեն»:

Վերգետնյա անցումն ընդամենը մեկ մետր հեռավորության վրա է, մինչդեռ քաղաքաշինական նորմերի պահանջով, հինգ հարկանի շենքերից այն պետք է գտնվի 5-9 մետր հեռավորության վրա, բարձրահարկ շենքերից էլ՝ 9 մետրից ավելի պետք է լինի հեռավորությունը:

Թե ինչու է անցումը կառուցվել քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, բնակիչները կռահում են: Նրանց խոսքով, այնպես են արել, որ անցումը մոտ լինի մոտակայքում գտնվող խոշոր սուպերմարքեթին: Մինչդեռ այն հանգիստ կարող էր մի քանի մետր ներքեւ կառուցվել՝ երաժշտական դպրոցի հարեւանությամբ:

Բնակիչների դժգոհություններին ի պատասխան, տարիներ ի վեր Երեւանի քաղաքապետարանից մշտապես պատասխանել են, որ անցումը կառուցելուց առաջ հանրային քննարկում են արել եւ բոլոր բնակիչները տվել են իրենց համաձայնությունը:

Երբ օրեր առաջ տիկին Վարդանյանը քաղաքապետարանի պաշտոնյաներից պահանջել է իր համաձայնությունը հավաստող որեւէ փաստ, ասել են, որ այդ թուղթը կորցրել են:

Երեւանի քաղաքապետարանից բնակիչներին հորդորել են մի քիչ սպասել, որպեսզի հարցումներ անեն քաղաքաշինության համար պատասխանատու կառույցներից եւ ըստ այդմ՝ լուծումներ գտնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31