Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքին կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, հրապարակելով հարցումները, ըստ որոնք, իրենց ուժը խորհրդարանում երրորդն է լինելու, ոչ թե երկրորդը, ասաց, որ դա մարտահրավեր է ՀՀ-ում եղած փոփոխություններին: Նա ասաց, որ լուրեր են ստանում՝ գյուղերում ժողովներ են անում ու իրենց դեմ հակաքարոզչություն անում. «Վեր կանգնեք այդ ամեն ինչից», – հորդորեց Մարուքյանը՝ ասելով, որ ընտրեն թիվ 5 քվեաթերթիկը ու թույլ տան, որ իրենք ՀՀ պետականաշինության գործում իրենց դերն ունենան:
Մարուքյանը վստահեցրեց, որ չեն հիասթափեցնի. «Մեր հանդիպումները մեզ ցույց են տվել, որ որտեղ իջնում ենք, դեռ ես բան չեմ ասել, մարդիկ ինձ ասում են ՝դուք երկրորդ տեղն եք լինելու: Իրա՛նք են մեզ ասում, հետեւաբար սա դարձել է համաժողովրդական պահանջ: «Լուսավոր Հայաստանն» անխոցելի է ու կարող է լինել հակակշիռ, առողջ քաղաքական միավոր Է ու առողջություն է բերում քաղաքական համակարգին, մերժում է տնտեսական, քաղաքական մենաշնորհները, կոռուպցիան»:
Իր ելույթում Մարուքյանը նաեւ ասաց, որ մարդիկ ինչ-որ արխային են ընկել. «Մտածում են՝ որ մերժել են Սերժին, ուրեմն ամեն ինչ ավարտվել է: Ո՛չ, դուք մերժել եք Սերժին, բայց պետք է մերժեք նաեւ Սերժի ընկերներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ