«Արամ Հարությունյանին պատկանող գույքը այնպես չէ, որ պետությանն ավելի թանկ են վարձով տալիս»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է նախատեսվում անել այն շենքերի դեպքում, որոնք սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները՝ Գագիկ Խաչատրյանը, Արամ Հարությունյանը, Գագիկ Բեգլարյանն ու այսօր բարձր գներով վարձակալության են տալիս պետությանը:
Նարեկ Բաբայանն ասաց, որ կառավարությունն իր կարիքներից ելնելով՝ ստիպված վարձակալել է: Բայց կոմիտեն, ինչպես վստահեցրեց Բաբայանը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ վարձակալության պայմանագիրը խզի:
«Ինչ վերաբերում է այդ գործարքներին, դրանք տեղի են ունեցել ավելի վաղ, քան 10 տարի, եւ գոյություն ունի վաղեմության ժամկետ: Այդ հարցերով պետք է բացառապես զբաղվեն իրավապահները: Բայց նույնիսկ իրավապահների զբաղվելու եւ ինչ-որ բացահայտումներ անելու պարագայում իրավական հետեւանքներ չեն առաջանում»,-ասաց Բաբայանը, նկատելով՝ այստեղ կարիք կա օրենսդրության փոփոխության, գուցե անցումային արդարադատությունը գործի: Բայց կա նաեւ մյուս տարբերակը՝ ինչ-որ բացահայտումների արդյունքում տվյալ սեփականատերերը որոշեն իրենց գույքի նվիրատվության տարբերակով գնալ»,- ասաց Բաբայանը:
Մանրամասն՝ տեսանյութում
ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը պետությանը նվիրելու, ինչպես նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ կրկին պետությանը գույք նվիրելու մասին էլ Նարեկ Բաբայանն ասաց, որ երկու դեպքում էլ վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարեւոր է, քանի որ չի բացառվում, որ այդ գույքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել։ Այսինքն՝ եթե դրանք ապօրինի են ձեռք բերվել, ապա նվիրատվության գործընթացը խնդրահարույց է:
Ըստ Բաբայանի, մյուս կողմից էլ կառավարությունն ինքն է այդ քաղաքական որոշումը կայացնում՝ հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ. «Բայց ժամկետների առումով շատ ավելի արդյունավետ է նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական գործընթացի ավարտին մեկ կամ գուցե ավելի տարի»։
«Նախ իրավապահ մարմիններից համապատասխան դիրքորոշում է պետք, որից հետո կառավարությունն արդեն հանձնարարականը տալիս է եւ սկսվում է գործընթացը: Հիմա «Գոլդեն Փելսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, պարզաբանում, որից հետո կառավարության համապատասխան որոշման նախագիծ կներկայացվի, կշրջանառվի ինչպես կարգն է, եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն եւ կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, նոտարական մնացած ընթացակարգերից հետո համարվում է պետական գույք»,–ասաց Բաբայանը:
Հյուրանոցի ճակատագրի մասին էլ Բաբայանն ասաց, որ եթե այն անցնի պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին, ապա հնարավոր է դրա վաճառքի մասին հայտարարվի աճուրդ։
Մանրամասն՝ տեսանյութում
Դեռ հոկտեմբեր ամսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող երեք բարձրակարգ հյուրանոցների՝ Երեւանի Ազատության պողոտայի «Գոլդեն Փելըսի»,
Ծաղկաձորի «Գոլդեն Փելըսի», Հյուսիսային պողոտայի «Գոլդեն փելըս բուտիկի» կառուցման ֆինանսավորման աղբյուրները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ