Պետք է վերանայել քաղաքականությունը բուհում եւ հրավիրել մասնագետների, որոնք որակական հմտություններ փոխանցեն, որպեսզի այսօրվա դրությամբ Ֆիլհարմոնիկը եւ այլ մեծ մշակութային կոլեկտիվները աշխատողներ, լեգեոներներ չհրավիրեն դրսից, վճարեն բավականին մեծ գումարներ` «Մեդիա» կենտրոնում կայացած «Մշակութային քաղաքականություն. ի՞նչ բարեփոխումներ են առաջարկում կուսակցությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Էլեն Հոխիկյանը («Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն): Նա կարծում է, որ պետք է տարբեր աշխատատեղերում, մշակութային օջախներում երիտասարդներին փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի:
Քանի որ ԿԳ նախարարության ենթակայության տակ են գտնվում մի շարք մշակութային բուհեր, նա կարծում է, որ պետք է վերանայվեն ծրագրերը, թարգմանվեն գրքեր: Նրա կարծիքով, օրինակ, կոնսերվատորիայում կրթության որակը գնալով դեգրադացվում է, ոչ միայն գիտելիքի որակն է ցածր, այլեւ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը: Էլեն Հոխիկյանը կարծում է, որ ԿԳ եւ մշակույթի նախարարությունները սերտորեն պետք է համագործակցեն: Կողմ է նաեւ մշակույթի ոլորտի ապաքաղաքականացմանը համապատասխան մեխանիզմներով եւ պետական միջամտությունը` ֆինանսավորման միջոցով կրճատելուն: «Պետությունը պետք է սահմանի որակական չափանիշներ, սակայն չթելադրի բովանդակություն»,-ասում է Էլեն Հոխիկյանը:
Հրաչյա Հակոբյանը («Իմ քայլը» դաշինք) նշեց, որ մշակույթի հետ կապված ամենակարեւոր կենտն իրենց ծրագրում այն է, որ ՀՀ քաղաքացու կրթական ցենզը նախ պետք է բարձրանա, ինչը անմիջականորեն կապված է մշակույթի եւ կրթության ոլորտների հետ: «Մինչեւ ՀՀ քաղաքացու կրթական ցենզը չբարձրանա, նա չի կարող պահանջել որակյալ մշակույթ…Նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի դա տեղի չունենա, որովհետեւ տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր մշակույթի հետ այս տարիների ընթացքում, չեմ ուզում շատ անդրադառնալ դրան, որովհետեւ մի փոքր ծանր են տանում թատրոնի եւ կինոոլորտի իմ գործընկերները, երբ խոսում եմ այդ թեմայից»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:
«Իմ քայլի» ներկայացուցիչը հավելեց, որ պետք է փորձ արվի դուրս գալ համաշխարհային կինոշուկա, ասաց, որ այս տարիներին չենք ունեցել համաշխարհային արժեք ունեցող ֆիլմ: «Այն X բյուջեն, որ պետք է ծախսվի որակյալ մեկ ֆիլմի վրա, ծախսվում է քսան ֆիլմի վրա եւ այդպես էլ չենք ունենում արդյունք»,-տարակուսանք հայտնեց բանախոսը: Նա ասաց, որ պետությունը հետամուտ չի եղել, թե ինչ է տեղի ունեցել մշակույթի ոլորտում, ու վերին օղակները միշտ անտեսել են մշակույթը:
«Երեխաներին պետք է մանկուց կրթել, երեխաները պետք է թանգարաններում դաս անեն, իրենց կյանքը կապեն թանգարանի հետ, որ դառնան 18 տարեկան, ձգի թանգարանը, գնան սիմֆոնիկ նվագախմբի համերգներին»,- համոզված է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը: Նա ասաց, որ հիմա եթե անգամ շատ բարձր որակի ներկայացում էլ լինի թատրոններում, հասարակությունը չի գնա նայելու, որովհետեւ համապատասխան կրթական ցենզ չունի:
Սոնա Հարությունյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն) ընդգծեց.« Քանի որ բոլորս ցանկություն ունենք հայտնվել խորհրդարանում, մեր առաջնային նպատակը պետք է լինեն օրենսդրական փոփոխությունները, որոնք անմիջականորեն նպաստելու են կոռուպցիայի ոչնչացմանը եւ նշված կետերի իրագործմանը»:
Նա չհամաձայնեց հնչած այն մտքի հետ, թե մարդիկ պետք է գնան ու պահանջեն բացել տարիներ շարունակ կողպեքով փակված մշակույթի պալատների դռները. «Եթե պետություն ենք, պետք է պետությունը մշակի իր քաղաքականությունը, որն ունենա իր առաջնահերթությունները… Իհարկե, համամիտ եմ, որ կրթական ցենզը պետք է բարձրացվի, կրթությունն ու մշակույթը համագործակցեն եւ պետության կողմից մշակվեն հատուկ ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել որակյալ ներկայացումներ, որպեսզի հանդիսատեսը գնա դիտի այդ ֆիլմերն ու ներկայացումները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա» կենտրոնի