«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքն է այսօր: ԼՀ պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ եթե ընտրողների մասնակցությունը մեծ լինի, իրենց կուսակցությունը երկրորդ տեղն է ունենալու, որովհետեւ գիտակից ընտրողն իր ձայնը տալու է իրենց: Նա համաձայն չէ հարցումների հետ, ըստ որի, երրորդ ուժն են լինելու ԱԺ-ում:
Լրագրողների դիտարկմանը, որ երեկվա հեռուստաբանավեճից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը խոսեց Մարուքյանի հովանավորների մասին, նրա վարկանիշն ընկավ, հիմա ինչպե՞ս պիտի ապացուցեք, որ «ԼՀ» որեւէ անդամ նախկին համակարգի հետ կապ չունի՝ Թանդիլյանը արձագանքեց, որ Մարուքյանը, իրենք բուկլետներ են բաժանել այսօր ու ճիշտ հակառակ արձագանքներ ունեցել. «Նախ էդ ո՞վ է ասում, որ ընկավ վարկանիշը, Էդմոն Մարուքյանն այսօր ավելի մանրամասն ներկայացրել է այն, քան թե եթերում էր հնարավոր անել: Դա լկտի սուտ է, ԼՀ որեւէ առաջնորդող անդամ որեւէ կապ նախկին իշխանությունների հետ չունի, դա մեզ վարկաբեկելու միջոց է ընդամենը, բայց մեր քաղաքացին գիտակից է»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի քննադատությանը, որ իրենք գրպանային ընդդիմություն են լինելու, Մանե Թանդիլյանն ասաց, որ երբ պետք է լինում՝ ՀՀԿ-ն ասում է՝ ձեր ընկերներին մենակ թողեցիք, երբ պետք է լինում՝ ասում է՝ համագործակցում եք: Ըստ Թանդիլյանի, երկրի այս վիճակի պատասխանատուն հենց ՀՀԿ-ն է՝ իր կոալիցիոն գործընկերների հետ միասին ու դա քաղաքացիները շատ լավ են հասկանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ