Այսօր ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում, խոսելով քարոզարշավի մասին, ասաց, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի ու բարեկամների, Ընտրական օրենսգրքին համապատասխան քարոզարշավ են արել, չեն տարել իրենց նկարները փակցրել ամեն պատի ու տաքսու վրա:
Լրագրողները հարցրեցին՝ Ալեն Սիմոնյանը ձեզ մեղադրում է, որ ձեր ամբողջ ընտրարշավը կառուցում եք «Իմ քայլը» դաշինքին ու կառավարությանը քննադատելու վրա ու ձեր ծրագրային դրույթները չեք ներկայացրել, ինչպե՞ս կարձագանքեց: Աշոտյանը պատասխանեց, որ դրան չի անդրադառնա, բայց ինչ վերաբերում է իրենց նախընտրած ռազմավարությանը, դա իրենք են որոշում. «Ես օրեկան ստանում եմ տասնյակ հաղորդագրություններ ինձ անծանոթ մարդկանցից, Ռուբինյանի բանավեճից հետո 300 հատ էր եկել, Արփինեի բանավեճից հետո մի այդքան էլ եկել էր, Վիգեն-Նիկոլ երեկվա բանավեճից հետո էլի էդքան գալու է: Մարդիկ են, որ ասում են՝ մեր աչքերը բացվել են, մենք ուզում ենք ձեզ օգնել, մենք գուցե չգանք ձեր շտաբներ, ձեզ հետ չնկարվենք, բայց գնալու ենք եւ ընտրենք ձեզ»:
Նա ասաց, որ համատարած վախի մթնոլորտ կա. «Ինձ հետ եկել էր հանդիպման երիտասարդների մի խումբ, նրանցից մեկն աշխատում է պետական մի ՊՈԱԿ-ում, հաջորդ օրը մարդուն ասել են, որ եւս մեկ անգամ Աշոտյանի հետ քեզ տեսնենք նկարված, քեզ գործից կհանենք: Դրանք պատմություններ են, մարդկային պատմություններ: Այսօրվա ստի, կեղծիքի, ատելության դեմ ամենամեծ ցուցմունքը տալու է իմ հեռախոսը, որտեղ կուտակված են բոլոր մարդկային պատմությունները, այդ թվում՝ անձնական նամակագրությամբ պատմված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ