Այսօր ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց, որ ձայնագրության երկրորդ մասի հրապարակումից հետո իրենք չեն չարախնդացել. «Մենք կարող ենք տարբեր վարկածներ ունենալ, թե ինչու հենց երեկ հերթական գաղտնալսումը լույս աշխարհ ընծայվեց, ինչու գաղտնալսվեց ընդհանրապես: Բայց ինձ, որպես ՀՀ քաղաքացի, խորը մտահոգում է այն փաստը, որ անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, որպես քաղաքական կերպարի, իմ երկրի վարչապետին գաղտնալսել են ու գուցե նաեւ գաղտնալսում են: Հիշեցնեմ, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսին ներկայացնում էր կառավարության ծրագիրն ԱԺ-ում, ասում էր՝ այս կառավարությունը միակն է, որի վրա կոմպրոմատ չկա, որի վրա կոմպրոմատ չունի ոչ ՌԴ-ն, ոչ Բրյուսելը: Ո՞նց չկա, հարգելի՛ս, փաստորեն, ձեր վրա, պարոն Փաշինյան, բազմաթիվ կոմպրոմատներ կան, սա երկրորդն է: Է՞լ ինչ խոսակցություններ կան: Սա շատ մտահոգիչ է: Եթե մեկին հաջողվել է գաղտնալսել, իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ նման հնարավորություն չունեն ՀՀ-ի ռազմավարական հակառակորդները, օրինակ: Ես չգիտեմ ով է սա արել, բայց եթե մեկն արվել է, ի՞նչ գիտենք, որ մյուսները չեն կարող արվել»:
Աշոտյանը եզրակացրեց՝ պարզվում է, Նիկոլ Փաշինյանի վրա դրսից կոմպրոմատներ կան ու զգուշացրեց՝ «ինձ ծանուցագրեր չուղարկե՛ք ոստիկանություն, ԱԱԾ, ես քարոզարշավի մեջ եմ, առանց այդ էլ 12 օր է, մի՛ խանգարեք»:
Աշոտյանը ՀՀԿ-ականներին հանցագործների բանդա անվանելու համար որոշել էր դատի տալ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Դրա հետ կապված Միրզոյանն ասել է, որ լավ կլինի դատի տա, որովհետեւ ինքը կներկայացնի փաստեր ՀՀԿ-ի հանցագործությունների մասին ու կսկսվի Նյուրնբերգյան դատավարություն: Երբ լրագրողները սա փոխանցեցին Աշոտյանին, նա արձագանքեց. «Վայ, Արարատ, Արարա՜տ»:
Նա ասաց, որ պատրաստվում են դատի տալ, բայց չեն պատրաստվում այս օրերին բոլոր գործերը թողնել ու գնալ, զբաղվել Արարատ Միրզոյանին դատի տալով. «Արարատ Միրզոյանը մեզ նվեր արեց, որովհետեւ նման խոսքը չէր կարող վրիպել միջազգային դիտորդների ուշադրությունից, այս պահին դե յուրե երկրի ղեկավարի կողմից նման պահվածքը պարզապես զարհուրելի էր: Սա ապացուցում է, որ ՀՀ-ում ընտրությունները չեն անցնում եվրոպական չափանիշներով ու ժողովրդավարություն չկա: Արարատ Միրզոյանը երեկ խոստովանեց, որ կոծկում է հանցագործությունների մասին ինֆորմացիա: Այն հետեւողական ջանասիրությունը, որով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ընկել են մեր հետեւից, հիմա արագ պետք է գնան Արարատ Միրզոյանից պարզեն, թե այդ ի՞նչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում եւ սպասում է մեր դատական գործին: Սա իմանալ-չհայտնելու հոդված է, տպավորություն է, որ այստեղ ոստիկանությունը լուրջ գործ ունի անելու՝ Արարատ Միրզոյանին հարցաքննության հրավիրելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ