Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իդեալականացրեցի եւ քաղաքականացրեցի քարոզարշավը». Լեւոն Շիրինյան

Դեկտեմբեր 06,2018 16:15

«Մենք հաստատ խորհրդարան կանցնենք»,- նախընտրական քարոզարշավի ավարտին նման եզրահանգման է եկել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շիրինյանը բացատրեց, որ քարոզարշավի ընթացքում ունեցել են դանդաղ եւ արագ աճեր, երեկ`Հանրային հեռուստաընկերության եթերում, ընտրապայքարին մասնակցող ուժերի առաջին համարների բանավեճում, գրանցվել է կուլմինացիան: «Ես իդեալականացրեցի եւ քաղաքականացրեցի քարոզարշավը: Երեկ տեսա՞ք թե քանի մարդ էր իմ բառերը կրկնում»,- ասաց Լեւոն Շիրինյանը`հավելելով, որ այդպիսով ինքն ու իր համախոհները այս քարոզարշավում կատարել են իրենց խոստումը եւ գոհ են, որ հիմա «գնում ենք դեպի արարչագործական Հայաստան»:

Գոհ են նաեւ, որ իբրեւ երիտասարդ ուժ, քարոզարշավի ընթացքում  կարողացել են ճանաչելի դառնալ:

Թե ի՞նչ ներկայացվածություն կունենան հաջորդ խորհրդարանում հարցը Լեւոն Շիրինյանին այդքան էլ դուր չեկավ: Զարմացավ`եթե իրենք`քրիստոնեա-ժողովրդավարական արժեքներ բերողները չպիտի լինեն, ապա ո՞վ պետք է լինի խորհրդարանում:

Aravot.am-ի հարցին`ողջ քարոզարշավի ընթացքում ներկայացնում էիք, որ պրոֆեսիոնալների թիմ ունեք, ինչո՞ւ քարոզարշավի ընթացքում նրանց չներկայացրեցիք, որպեսզի մարդիկ տեսնեին եւ շահագրգիռ լինեին ձեր կուսակցությանը ձայն տալու, քանի որ նրանց ֆեյսբուքյան էջերի ուսումնասիրություններից առանձնակի մեծ տպավորություններ չկան, Լեւոն Շիրինյանը պատասխանեց. «Մենք այսպես որոշեցինք`ովքեր, որ մարզերում են, մարզերում դառնան ճանաչված եւ հեղինակավոր, շատ լավ էլ տանում են քարոզարշավը, ես էլ վերահսկում եմ, խորհրդակցում, իսկ քաղաքում, քանի որ ես էի, պարզ է, որ իմ ռեյտինգի վրա է լինելու: Քարոզարշավի մեկնարկին ես մեր թեկնածուներին բոլորին, մեկ առ մեկ ներկայացրել եմ մամուլի ակումբներից մեկում, մնացածը`մեր տեխնոլոգիայի հարցն է: Ես ասել եմ, որ նոր տեխնոլոգիաներ կկիրառենք եւ քաղաքական մշակույթը բարձրության վրա կպահենք: Երեկ տեսաք, որ պահեցինք: Ես պրոֆեսիոնալ քաղաքագետ եմ եւ առաջին օրն էլ ասեցի`ձեր սովորած բաները չեք տեսնելու: Մնացածը`ընտրողը կասի»:

Իրենց վարկանիշային ցուցակի հանրությանը հայտնի թեկնածուների`նախկին պատգամավոր Հայկ Սանոսյան, Երեւանի ավագանու ընտրություններում «Հայք» կուսակցության երկրորդ համարը, նախկինում «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչյա Սարգսյան, հասարակական գործիչ Մարիամ Ավագյան եւ այլք, չներկայացնելը Լեւոն Շիրինյանը նույնպես բացատրում է իրենց մարտավարական եւ ռազմավարական քայլերով. «Նրանք ամեն մեկն իր տարածքում շատ էլ լավ աշխատում է»:

Այսօր Լեւոն Շիրինյանն իր կուսակիցներով եղավ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում: «Առաջին անգամ ընտրություններին կարեւորվում են ազգային արժեքները»,- այնտեղ հայտարարեց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության ցուցակի առաջին համարը: Իսկ Աբովյանի տուն-թանգարան այցելությունը նա այսպես բացատրեց. «Մենք, փաստորեն, վերադառնում ենք մեր քրիստոնեական արմատներին՝ որպես արժեք եւ ավանդում ենք, որ ակունքում Գրիգոր Լուսավորիչն է, որը հայտնի է իր եկեղեցական բարեփոխիչ նշանակությամբ, եւ այսօր պարտք ենք համարել այցելել նաեւ հայ ժողովրդի երկրորդ Լուսավորչին, որը Խաչատուր Աբովյանն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31