Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի խնդրին, նշեց՝ չարաշահման դեպքեր կան, օրինակ, համալիրի պահակախմբի հաստիքացուցակի մասով։
Ըստ Բաբայանի, մրցույթը շահել են 24 աշխատակցի պահանջով, սակայն փաստացի աշխատում են 15 աշխատակից. «Տարբերությունը ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է, որը վճարվում է այն գործի համար, որը իրականում չի կատարվում»:
Մարզահամերգային համալիրի սահադաշտի գործունեության առնչությամբ եւս ռիսկեր են նկատել. «Կարծում ենք, որ այն մուտքերը, որոնք ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն՝ վստահաբար ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ֆինանսապես ցույց է տրված»։
Համալիրի աշխատակիցները նամակ էին ուղղել կառավարությանը, պնդելով՝ տնօրենը բարեխիղճ է եւ թույլ տան շարունակի աշխատել: Մինչդեռ Նարեկ Բաբայանն այս առնչությամբ ասաց, որ համալիրի տնօրենը՝ Վազգեն Ասատրյանը, մայիս ամսին ծանուցվել է իր պայմանագրի ավարտման եւ նոր պայմանագիր չվերակնքվելու մասին: Բաբայանի խոսքերով՝ որոշումն ու հրամանն արդեն պատրաստ էին, ըստ այդմ, նա հուլիսի 1-ին պետք է ազատվեր, բայց հաշվի առնելով, որ առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն էին լինելու, պետգույքի կառավարման կոմիտեն երկարացրել է նրա աշխատանքային պայմանագիրը 5 ամսով: Ըստ Բաբայանի, տնօրենն այդ 5 ամիսը լրանալուց մեկ ամիս առաջ ծանուցվել է, որ պայմանագիրը չի երկարաձգվելու, պետք է նոր մրցույթ անցկացվի:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ