«Նիկոլ Փաշինյանի եւ Վիգեն Սարգսյանի միջեւ գաղափարական բանավեճ չտեսա: Յուրաքանչյուրն իր թվերն էր ներկայացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի առաջնորդների միջեւ հայտնի հեռուստաբանավեճին, ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:
Նա նշեց, որ հեռուստաեթերից բանավեճի մթնոլորտն այն չէր թվում, ինչ իրականում էր. «Դահլիճից ռեպլիկներ եւ քմծիծաղ էր լսվում»:
Ըստ Սարգսյանի՝ բանավեճի ընթացքում գործող իշխանությունը հիմնավորում էր նախորդ ամիսների աշխատանքը. «Բայց երբ մարդկանց հետ ենք շփվում քարոզարշավի ժամանակ, ասում են՝ «նախորդ իշխանությունները թալանչի են, նորերն էլ լավ բան չեն արել»: Միշտ փորձում եմ ասել, որ լավ բանը փոքր քայլերով ենք զգալու: Լավ բանը վեց ամսում չի լինելու, այդ փոքր քայլերը կան»:
Արամ Սարգսյանը բացասական է գնահատում այն երեւույթը, որ բանավեճի ընթացքում կային Փաշինյանին քծնելու կամ որեւէ մեկին վարկաբեկելու միտումներ. «Քաղաքականության մեջ չի կարելի մոռանալ մարդ լինելու մասին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2223200121232507/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ