Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը` թիվ 17 տնօրենի ընտրության եւ սպառնալիքներ ստացող ուսուցչի մասին

Դեկտեմբեր 06,2018 15:54

Երևանի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի կառավարման խորհրդի անդամը, որը նույն դպրոցի ծնող է եւ միեւնույն ժամանակ տեխնիկական աշխատող, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ սպառնալիքներ է ստանում, որքան մոտենում է տնօրենի ընտրության օրը` դեկտեմբերի 12-ը:

«Այլեւս չեմ կարող լռել, առողջությանս լուրջ վտանգ է սպառնում, որովհետև ամեն օր, գրեթե 2 ամիս շարունակ, աշխատում եմ նյարդային գերլարված պայմաններում։ Երեւանի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի կառավարման խորհրդի անդամ եմ, միևնույն ժամանակ ծնող և տեխնիկական աշխատող։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տնօրենի թեկնածուների պայքարի արդյունքում իրականացված ստուգումները բացահայտեցին մի շարք օրինախախտումներ, որոնց թվում նաև իմ և իմ նման շատերի աշխատավարձերի մասնակի յուրացումներ (չարաշահումներից մեկը)։

Ես սկսեցի քարկոծվել այն բանից հետո, երբ հակադրվեցի նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանին եւ նրա աղջիկ Հայարփի Մինասյանին, որը ներկայիս տնօրենի թեկնածուներից մեկն է։ Քանի որ կառավարման խորհրդի անդամ եմ, ինձ վրա ճնշում են գործադրում, հոգեբանական, բարոյական, անգամ ճնշում են հարազատներիս՝ օգտագործելով պետական ոլորտի իրենց ծանոթներին։ Այն աստիճանի են ցածրանում, որ իմանալով ֆինանսական դժվարություններիս մասին (չնայած ես երբևէ չեմ բարձրաձայնել), առաջարկում են դրամական օգնություն, պարտքերիս մարում։

Ինչքան մոտենում է տնօրենի ընտրության օրը՝ դեկտեմբերի 12-ը, այնքան աշխատանքային մթնոլորտը դառնում է անտանելի, որն անդրադառնում է և՜ աշակերտների առանց այն էլ խաթարված հոգեբանության վրա, և՜ աշխատակիցների աշխատունակության վրա, քանի որ մեր հիմնական գործը թողած՝ ստիպված ենք պաշտպանվել տարբեր տեսակի սադրանքներից։ Իրենց համախոհ մի խումբ մանկավարժներ էլ անընդհատ վիրավորում են, նվաստացնում, հունից հանում են ինձ, հետո էլ ստորագրահավաք կազմակերպում, որպեսզի ինձ աշխատանքից ազատեն։

Մի՞թե մանկավարժներն իրավունք ունեն հորը կորցրած երեխաներին «եթիմ» անվանել, ինչն ասում են իմ երեխաների հասցեին, կամ արդեն դեռահասության տարիքում գտնվող տղայիս ներկայությամբ վիրավորում են ինձ և մահացած հորը։ Ասելիքս շատ է, բայց խոսքս ավարտում եմ՝ ապավինելով ձեր հոգեբանական աջակցությանը։ Ինձ ճնշողների էլ խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձնից, չահաբեկել և չփորձել ազդել ընտրության իմ ազատ իրավունքի վրա, այլապես ստիպված կլինեմ դիմել իրավունքներս պաշտպանող համապատասխան կառույցներին»,- գրել է ծնողը։

 

Լուսինե Առաքելյանի լուսանկարը` Iravaban.net-ի:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանից, որը տիկնոջ գրառման տակ արձագանքել էր:

Տիկին Առաքելյանն ասաց, որ ամեն ինչ ԿԳ նախարարության վերահսկողության ներքո է: «Այժմ փորձում ենք հասկանալ` ինչ է տեղի ունեցել այնտեղ, որովհետեւ ծնողի նկատմամբ բռնությունն անընդունելի է, ինքն էլ դպրոցում տեխնիկական աշխատող է: Պետք է հասկանանք, թե որքանով է ամեն ինչ իրականությանը համապատասխանում… ԿԳ նախարարությունն ամբողջական կազմով այնտեղ խորհրդի մեջ է, քանի որ խորհրդի կազմը փոխվել է, հետեւաբար տնօրենի մրցույթը որեւէ կերպ ուղղորդված չի կարող լինել: Ասում են, թե փորձեր են անում, որ հավակնորդ չհայտնվի այնտեղ, գրածով դա եմ հասկանում, ինչը դեռ կպարզենք»,-ասաց փոխնախարարը:

Նաեւ հավելեց. «Նուրբ պահեր կան, պետք է իրականությանը համապատասխանող փաստարկներ գտնենք, որպեսզի խնդրին լուծում տանք, ու այս պահին հարցն ուսումնասիրում ենք: Դեռ պետք է խոսեմ բողոքող ծնողի հետ, որը մեկ ուրիշի անունով է գրել Ֆեյսբուքում, որովհետեւ էջ չունի: Ինչքան գիտեմ՝ ամուսինը մահացած է, երեխաներն այդ դպրոց են հաճախում, ինքն էլ տեխնիկական սպասարկող է եւ նաեւ խորհրդի անդամ է: Իր պատմածով իր նկատմամբ ճնշումներ են գործադրում, փորձում են ուղղորդումներ անել, ինչը բացառված է, որովհետեւ արդեն նշեցի, 4 հոգին կազմից փոխվել է: Ուղղորդումը բացառվում է այնքանով, որ գոնե մեր 4-ի դեպքում չի լինի նման բան:

Պետք է տեսնենք, թե գրվածը որքանով է ճիշտ, ինչ օրենքի խախտում են արել իրենք: Այժմ ահագին բան դեռ խոսակցության մակարդակի է: Բայց մի բան հստակ է` որեւէ մեկը չի կարող նախկին մեթոդներով աշխատել, որեւէ մեկին սպառնալ, ճնշել, հատկապես որ ծնողը խոցելի խմբին է պատկանում, ու իրեն վախեցնում են, որ աշխատանքը կկորցնի: Մենք անպայման կարձագանքենք այս ամենին, հետո ավելի մանրամասն մեկնաբանություն կտամ` հանգամանքները պարզելուց հետո»,-հայտնեց Լուսինե Առաքելյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31