Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը անդրադառնալով ՀԱԷԿ-ում եւ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում հայտնաբերված խախտումներին, ասաց՝ ստուգումները շարունակվելու են, եւ պետական մյուս կառույցներում էլ ստուգումներ կլինեն: Այս մասին այսօր Բաղրամյանն ասաց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում
Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջեւ վերավաճառքի ձեւական գործարքներ ձեւակերպելով եւ ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն դրամ գումարով, այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ»: Հարուցվել է քրեական գործ:
Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ՝ ՀԱԷԿ-ում ներկայումս շարունակվում են ուսումնասիրությունները. «Այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են, վերաբերում են ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին»:
Հնարավո՞ր է ատոմակայանում պաշտոնանկություններ լինեն, Բաղրամյանն այս հարցին ի պատասխան ասաց՝ ընդհանուր կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինում են:
Անդրադառնալով բարձրավոլտ էլեկտրական ցանցերին, Գարեգին Բաղրամյանն ասաց՝ պաշտոնանկությունների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում. «Երկու օր առաջ ընտրություն է եղել եւ ընտրվել է նոր տնօրեն, այսօր կներկայացնենք: Շուտով կհաստատենք նաեւ ԲԷՑ-ի հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 100-160 աշխատակիցների կրճատում, որոնք կարելի է ասել՝ այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնական գործունեությամբ: Հազար հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ: Անհասկանալի է՝ եթե ունենք ազատ հաստիքներ, ինչո՞ւ են արտահաստիքային աշխատող պահում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ