ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից ազատազրկման վայրից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ուրիշի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով փախուստի փորձ կազմակերպելու դեպքի առթիվ:
2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 7։20-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 4։40-ի սահմաններում, կանխվել է ՔԿ հիմնարկի 33 և 25 ամյա կալանավորների փախուստը:
Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Կազմվել է քննչական խումբ:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ դեպքի վայրի զննությամբ, պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 1985 և 1993 թվականներին ծնված կալանավորները, առերևույթ փախուստ կատարելու վերաբերյալ գալով նախնական համաձայնության, մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու` բետոնը քերելու և քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացելու եղանակով, հայտնվել են արգելագոտում։ Ապա` օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով անտեսանելիության պայմաններից, հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը՝ ներթափանցել են հսկիչ հետքային արահետ, հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը՝ այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը։
Ահազանգից անմիջապես հետո հիշյալ տեղամասին են մոտեցել ծառայություն իրականացնող ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները:
Իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, նախազգուշացնելով օրինական պահանջը չկատարելու դեպքում զենք կիրառելու մասին՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցները փորձել են կանխել փախուստը։
Սակայն կալանավորներից մեկը, հարձակվելով աշխատակցի վրա և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, հարմարեցված առարկան որպես զենք գործադրելու սպառնալիքով, պահանջել է չխոչընդոտել իրենց։ Սակայն ՔԿՀ աշխատակիցները հաղթահարել են կալանավորի դիմադրությունը՝ այդ կերպ կանխելով նրանց փախուստը։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կալանավորի կողմից ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որպես զենք կիրառված` հացի խմորից պատրաստված և սև գույնով ներկված, իրականից գրեթե չտարբերվող ատրճանակի նմանակ, խցի պատը քանդելու ընթացքում օգտագործված մետաղական երկու ձողերը, 1 խոհանոցային դանակ, ինչպես նաև՝ պատի անցքը քողարկելու համար նախատեսված, արտաքին հատվածում տուֆի մակերևույթին հարմարեցված երանգի ստվարաթղթե քողարկիչ, իսկ ներսից` պատի միևնույն ներկով ներկված նրբատախտակ։
Բացի այդ, փախուստի փորձ կատարածներին վնասազերծելու տեղանքի հարակից հատվածից հայտնաբերվել է սպորտային պայուսակ` բաճկոնի, կպչուն ժապավենի և բջջային հեռախոսի պարունակությամբ։
Փշալարերով արգելապատնեշների` անցման հատվածում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք հավանաբար գոյացել են փախուստի փորձ կատարած անձանց մարմնական վնասվածք ստանալու հետևանքով։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին