Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար տիկին Ուրշուլա Գաչեկին, առաքելության քաղաքական վերլուծաբան տիկին Բարբարա Դեվիսին և իրավական վերլուծաբան տիկին Էնիրա Բրոնիցկայային։
Դիտորդական առաքելության ղեկավար տիկին Գաչեկը ներկայացրեց առաքելության կազմն ու մանդատը, ինչպես նաև հղում կատարեց առաքելության կողմից օրեր առաջ հրապարակված միջանկյալ զեկույցին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ընթացող քարոզարշավի պայմաններին, կանանց քվոտային, ինչպես նաև ընտրական գործընթացները կարգավորող իրավական շրջանակին առնչվող այլ հարցերի։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ կառավարությունն իրապես հանձնառու է բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ապահովելու համար և գործնականում իրականացրել է իր հանձնառությունը։
Այնուհետ, հյուրերի հարցին ի պատասխան՝ պարոն Միրզոյանը նշեց, որ ընտրվելու դեպքում, կառավարության կողմից նախապատրաստված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները շարունակելու են մնալ օրակարգում, ավելին, ընտրություններից հետո ավելի լավ հնարավորություն կստեղծվի եղած նախագծի բազայի վրա առավել ընդգրկուն փոփոխություններ իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության կառավարություն