«Քաղաքական ղեկը այսօր եւ ցավոք վաղը լինելու է մի քաղաքական խմբավորման ձեռքում, որոնք գերադասում են սովորական նեղ քաղաքական շահը պետական եւ ազգային շահերից»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ ներկայիս իշխանությունները համարժեք չեն ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներին. «Այս իշխանությունները նաեւ ավերածություններ են գործել ՀՀ քաղաքացիների սրտերում եւ մտածելակերպի մեջ, այս իշխանությունները խախտել են եւ խախտում են ոչ միայն գրված օրենքներ, այլ նաեւ բազմաթիվ չգրված օրենքներ: Եվ այս ավերածությունները, որ գործել է այս իշխանությունը մեր քաղաքացիների սրտերում եւ հոգիներում՝ ատելության սերմանումից սկսած, վերջացրած արժեհամակարգային ճգնաժամից, երբ հայ հասարակությանը ընտրարշավի անվան տակ փորձում են մատուցել եւ պարանոցին փաթաթել կեղծ արժեքներ, խոսքը իշխանափոխությունը արցախյան ազատամարտից վեր դասելու իշխանական քարոզչամեքենայի ճիգերի մասին է, խոսում է այն մասին, որ այս իշխանությունները չունեն նաեւ ազգային արժեհամակարգային հենք»:
Անդրադառնալով գաղտնալսման երկրորդ մասին՝ Աշոտյանն ասաց, որ դա զրկեց իշխանություններին իրենց կողմից քանիցս շահարկվող այն «հաղթական դրույթին», թե ՀՀ-ում չկա քաղաքական կոռուպցիա եւ դատարաններն այլեւս անկախ են. «Ինչպես լսեցինք երեկ ձայնագրությունից, ՀՀ ուժայինների ղեկավարները փոխանցում են դատավորներին վարչապետի որոշումները, որոնք քաղաքական են: Եվ այդ քաղաքական որոշումները, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից ու տեսակետներից, վեր են ածվում դատական ակտերի: Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը ՀՀ-ում դարձել է արգելված, սակայն մեր մտահոգությունները չեն փարատվում, մեր բերանները չեն փակվում»:
Աշոտյանն ասաց, որ այդ ձայնագրություններից հասկացել է՝ «ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտածողություն ունի եւ գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Փաշինյանը»:
Խոսելով քարոզարշավի մասին՝ Աշոտյանն ասաց, որ այս ընտրությունները չեն լինելու ազատ եւ արդար, քանի որ, իր խոսքերով՝ ատելության մթնոլորտ է եւ խայտառակ ճնշումներ են գործադրվում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հանդգնում են ՀՀԿ շտաբներ այցելել. «Մեզ հաջողվեց դառնալ գլխավոր գործող քաղաքական ուժերից մեկը։ Այն սեւ-սպիտակ իրականությունը, որը պարտադրվել էր Հայաստանին, մենք կարողացանք՝ անկախ այն խոչընդոտներից, որոնց բախվում են ՀՀԿ պատգամավորության թեկնածուները»։
Աշոտյանն ասաց. «Մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր։ Եթե ընտրարշավը լիներ սովորական ընտրությունների նման մի քիչ ավելի երկար, վստահաբար մենք կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը վեր է ածվում լուրջ քաղաքական երեւույթի։ Սակայն այսօր նույնպես մենք հավակնում ենք տասնյակ հազարավոր ձայների։ Մենք հավակնում ենք լինել խորհրդարանում՝ որպես սկզբունքային եւ արմատական ընդդիմություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
m’ouais… ըստ խորքի, շատ փայլուն չէ այս քննադատութիւնը
մարդը, որպէս ղեկավար, մտիկ ըրաւ իրեն ենթակայ ԱԱԾ-մամածըյի այդ միւս մարդուն, եւ ըստ այնմ որոշում առաւ…
իսկ յատկապէս այս բնագաւառում, «ավերածությունները» ուղղակի ժառանգութիւն են
սահման մը կայ վերջապէս՝ կուսութիւն վերահաստատելու…
խնդիրը սակայն երկրի անվտանգութեան համակարգի շատ խղճալի վիճակն է… իսկապէս եւ խորապէս մտահոգիչ… պետականութիւն որ չկայ, գիտէինք, բայց գոնէ տարրական անվտանգութեան չափանիշներ գոյացած ըլլային, այսքան տարիներէ ետք…