Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդմոն Մարուքյանն իր վրա մեծ պատասխանատվություն վերցրեց՝ անվանելով մարդասպան». Գարեգին Չուգասզյան

Դեկտեմբեր 06,2018 13:38

«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը հիացած է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ երեկ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված բանավեճով:

«Աննախադեպ երեւույթ է, առաջին անգամ տեսանք հանրային բանավեճ, սա նշանակում է , որ երկիրը ճիշտ ճանապարհին է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Չուգասզյանը:

Նա ասաց, որ երեկվա բանավեճն էլ ցույց տվեց, որ այս ընտրություններին մասնակցում են տատանողական ու «մարտի մեկի» կոալիցիոն ուժեր. «Կա մարտի մեկի կոալիցիա՝ ՀՀԿ-ն, որը հիմնական պատասխանատուն է, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Այս ուժերը պետք է ժամանակ վերցնեին ու այս ընտրություններին խուսափեին մասնակցելուց: Հիմնական պատասխանատուն համարում ենք ՀՀԿ-ին,  բայց մյուս կոալիցիոն ուժերը նույնպես պատասխանատվություն են կրում այն ընթացքի համար, որում երկիրը գտնվում էր, բայց դա չի նշանակում, որ հաշվեհարդար պետք է լինի նրանց նկատմամբ, այլ նշանակում է, որ անցումային արդարադատության  շրջանն անցնելուց հետո կհստակեցվի՝ ով ով է, ու երբ ՀՀԿ-ի պարագլուխներն իրենց պատասխանատվությունը կկրեն, մնացած ուժերը, որոնք ահռելի հարստություն են կուտակել ապօրինի ճանապարհով, պետք է համաներման մեխանիզմներով այդ հարստությունը վերադարձնեն պետությանը»:

Գարեգին Չուգասզյանի դիտարկմամբ, այսօր պայքար է գնում հին ու նոր ուժերի միջեւ եւ կարծում է՝ ժողովուրդն այնքան իմաստուն կլինի, որ իր քվեն կտա նոր ուժերին:

Անդրադառնալով բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրանքին, թե «Սասնա ծռերը» գնդապետ են սպանել՝ Չուգասզյանն ասաց. «Էդմոն Մարուքյանը, որպես իրավական կրթություն ստացած անձնավորություն, իր վրա վերցրեց մեծ պատասխանատվություն, որովհետեւ կա անմեղության կանխավարկած, ու ոչ մեկը ոչ մեկի չի կարող անվանել մարդասպան: Նախապես մեզ պիտակավորել, նշանակում է, որ մարդը չունի տարրական իրավական գիտակցություն»:

«Լուսավոր Հայաստանին» էլ Գարեգին Չուգասզյանն անվանեց տատանվող ուժ, որը, իր համոզմամբ, հեղափոխության ժամանակ մենակ թողեց իր ընկերներին, իսկ այսօր փորձում  է ներկայանալ որպես հեղափոխության ջատագով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31