Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2019 թվականին Հայաստանում քաղաքացիական բուժավիացիա կգործի

Դեկտեմբեր 06,2018 12:55

Aravot.am-ը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին խնդրեց պատմել Հայաստանում քաղաքացիական բուժավիացիայի ներդրման հեռանկարի մասին:

«Հայաստանում սանավիացիա հիմա էլ կա, բայց օգտագործվում է միայն զինված ուժերի կողմից, զինվորական ուղղաթիռներով, զինվորական կարիքների համար: Մենք խոսում ենք քաղաքացիական սանավիացիայի մասին, որը շատ կարեւոր է թե արագության առումով, թե մատչելիության: Այս պահին ուր ենք հասել: Սպասվում է մասնավոր ընկերության երրորդ եւ չորրորդ ուղղաթիռների ներկրումը Հայաստան, որոնցից չորրորդը հիմնականում աշխատելու է քաղաքացիական բուժավիացիայի համար: Մենք մասնավոր այդ ընկերությունից թռիչքային ժամեր ենք գնելու, բայց չենք սպասարկելու ուղղաթիռները, օդաչուներ չենք վարձելու, վառելանյութ չենք գնելու, ինչպես գնում ենք բժշկական ծառայությունը հիվանդանոցում: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպես շատ ավելի պարզ է եւ հավանաբար ավելի մատչելի: Մասնավոր ընկերությունները շատ ավելի ճկուն են այս ամեն ինչի մեջ եւ շատ ավելի լավ են կազմակերպում: Պլյուս դրան, թռիչքային միջազգային թույլտվություններ, լիցենզավորում եւ այլ պահանջներ գոյություն ունեն:

Ինչպե՞ս է աշխատելու բժշկական քաղավիացիայի ուղղաթիռը, որը գնել ենք եւ պետք է մատակարարվի: Ուղղաթիռը մոդիֆիկացված է, կահավորված շարժական բուժսարքավորումներով եւ կարողանալու է նաեւ պացիենտ տեղափոխել: Հիմա որոշում ենք, թե քանի կիլոմետր հեռավորության վրա եւ որ դեպքերը պետք է սպասարկենք: Դրանք միայն վնասվածքները չեն լինելու, կարող են լինել գլխուղեղի ինսուլտը, երբ պետք է շատ արագ հասցնել համապատասխան հիվանդանոց, մանկական դեպքերը, որովհետեւ մանկական լավագույն կենտրոնները Երեւանում են եւ այլն:

Փորձելու ենք անել այնպես, որ պացիենտի վրա որեւէ ծախս չընկնի եւ այդ ամենը կատարվի պետության հաշվին, որովհետեւ ստանդարտ թռիչքային ժամը մոտ $ 2 հազար է, իսկ, օրինակ, Կապան գնալ-գալը, եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպված, մոտ 1,5 ժամ է տեւելու: Ժամը հաշվարկվում է այն պահից, երբ ուղղաթիռի շարժիչը միացվում է: Ես, որպես առողջապահության նախարար, փորձում եմ իրենց մտցնել պետական գործի մեջ, որպեսզի հետագայում մյուս ծառայություններն էլ օգտագործեն, ասենք արտակարգ իրավիճակների ծառայությունը՝ սարերում, դժվարամատչելի այլ վայրերում կորած կամ վնասվածք ստացած մարդկանց տարհանելիս, լեռնադահուկային կենտրոնները, ինչու չէ, նաեւ զբոսաշրջային ոլորտները: Բայց գլխավորը պետության կարիքների համար քաղաքացիական բուժավիացիայի օգտագործումն է:

Նախնական մտածում ենք 2019 թվականին 100-200 թռիչքային ժամ գնել՝ հաշվարկելով, որ կարող է երկու օրը մեկ թռիչքի անհրաժեշտություն լինի: Բայց դրա երկրորդ կողմն էլ կա՝ այդ ժամերը օգտագործել չկարողանալը, որ այնպես չստացվի, որ պետության գումարները քամուն տանք: Այս պահին ծառայությունը մատուցելու բոլոր մանրամասների շուրջ մտածում ենք եւ ավելին ասել դեռ չեմ կարող», – պատասխանեց Արսեն Թորոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31