Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել: Մեր ունեցած տեղեկություններով, նախաձեռնության հեղինակը Հովիկ Համբարձումյանն է: Նա այդ տարածաշրջանում անհայտ մարդ չէ: Ավելին, շատ հայտնի է`մի քանի տարբեր դրվագներով: Հովիկ Համբարձումյանը Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանի (լուսանկարում) հայրն է: Համբարձումյանները երկար տարիներ այս մարզում հայտնի էին իբրեւ կարկառուն ԲՀԿ-ականներ, Կարեն Համբարձումյանը Սյունիքի ԲՀԿ երիտթեւի նախագահն է եղել, հետհեղափոխական շրջանում նա նշանակվեց Սյունիքի մարզպետ`ԲՀԿ-ի քվոտայով, իսկ հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո, ստիպված պաշտոնանկ եղավ: Վարչապետի պաշտոնակատարն ԱԺ բակում բանավոր հրամանով աշխատանքից ազատեց ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պաշտոնյաներին:
Հոկտեմբերի 4-ին արդեն երիտԲՀԿ-ական նախկին մարզպետը հարազատ կուսակցությունից դուրս գալու դիմում գրեց եւ համալրեց իշխող ուժի համակիրներ բանակը: Այժմ, նա Սյունիքի մարզում «Իմ քայլի» վարկանիշային թեկնածուներից է: Հայրը`Հովիկ Համբարձումյանը, Սիսիանումի ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ է`ԲՀԿ-ի քվոտայով:
«Սարոյան եղբայրների» սյուժեին համահունչ այս ընտանիքն առաջիկա արտահերթ ընտրություններում, ի վերջո, ո՞ր ուժն է ներկայացնելու, ո՞ւմ կողմից եւ ինչո՞ւ հիմա բաժանվեցին նախընտրական բուտերբրոդները`հարցերի պատասխաններն Aravot.am-ին Հովիկ Համբարձումյանից ստանալ չհաջողվեց: Նա հարցը լսելուց հետո, ասաց, որ շատ զբաղված է եւ չի կարող խոսել, ապա երկու նախադասություն «շպրտեց» ու անջատեց հեռախոսը: «Ես զորամասի տեղը չգիտեմ հարգելիս, եթե մեկը կլինի`ես էս մարդուն դեմքով ճանաչում եմ, ես կգնամ ինքնասպան կլինեմ, հենց ըտենց էլ գրեք»,- ասաց նա`իր մասին «ապատեղեկատվություն տարածողների» հասցեին վիրավորական արտահայտություններ «շռայլելով»:
Ի դեպ, Հովիկ Համբարձումյանի հետ կապված բավական ուշագրավ իրադարձություններ կան դեռ 1990-ականների ընտրական գործընթացների հետ կապված: Այդ տարիներին Հովիկ Համբարձումյանը Հերմինե Նաղդալյանի համակիրների բանակից էր: Երբ աղմուկ էր բարձրացել տեղամասում կեղծված արձանագրությունների համար, Հովիկ Համբարձումյանը կերել էր Հերմինե Նաղդալյանի քվեաթերթիկը` կոծկելով իր կեղծիքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
P.S. Aravot.am-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից ստացել է հետեւյալ հերքումը.
ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Аravot.am կայքում ս.թ, դեկտեմբերի 6-ին, «Նախընտրական բուտերբրոդներ` Սիսիանի զորամասում» վերնագրով հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումներն այն մասին, թե «Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել» (մեջբերումը Аravot.am-ից):
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ լրջագույն ջանքեր է գործադրել` նախընտրական շրջանում զորամասերում քաղաքական քարոզչության որևէ դրսևորում իսպառ բացառելու նպատակով, ինչի վերաբերյալ խստիվ հանձնարարականներ են տրվել բանակային բոլոր ստորաբաժանումների հրամանատարական կազմերին:
Հանձնարարականի պատշաճ կատարումը գտնվում է ՊՆ և ԶՈւ ղեկավարության ամենօրյա վերահսկողության տակ:
Ցավում ենք հոդվածում տեղ գտած ապատեղեկատվության համար և, հետագայում նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ևս մեկ անգամ կոչ անում ՀՀ զինված ուժերին վերաբերող տեղեկատվություն տարածելիս օգտվել պաշտոնական աղբյուրներից, կամ ճշտել այն պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունից: