Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդրում են միջոցներ ձեռնարկել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութերը հեռացնելու համար

Դեկտեմբեր 06,2018 11:15

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) շրջանավարտների շահերն ու իրավունքները ներկայացնող «ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՖՀՀ շրջանավարտների անունը շահարկող քարոզչական նյութերի վրա։

Այսպես, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) կողմից նախընտրական քարոզչության շրջանակներում պատրաստվել և համացանցի ու արտաքին գովազդի միջոցով տարածվել է մի պաստառ (կից), որում առանց ՀՖՀՀ շրջանավարտների համաձայնության շահարկվում է նրանց անունը և տարածվում է ապատեղեկատվություն։

Քարոզչական պաստառի բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված քաղաքական ուժի կողմից «Հայաստանում ֆրանսիական համալսարանը», ինչպես նաև նրա շրջանավարտները ներկայացվում են որպես նշված կուսակցության գործունեության և դրա արդյունքների հետ առնչություն ունեցող անձինք։

Այդուհանդերձ, քարոզչական պաստառը իրականության հետ չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու հետ մեկտեղ կոպտորեն խախտում է բուհի ապաքաղաքականացված լինելու գաղափարը, ինչպես նաև վերջինիս շրջանավարտներին առանց համաձայնության ներքաշում է ընթացիկ քաղաքական գործընթացներում։

Քարոզչական նյութ հանդիսացող պաստառում մեր անհանգստությունն է առաջացրել նաև այն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացվում է որպես ՀՖՀՀ «հիմնադիր և նախագահ», ինչը չի համապատասխանում իրականությանը։

ՀՖՀՀ հիմնադիր փաստաթուղթ կանոնադրությունում ուղղակիորեն սահմանված է, որ Համալսարանի հիմնադիրներ են համարվում Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը։ ՀՖՀՀ կանոնադրությունը սահմանում է նաև համալսարանի կառավարման մարմինները, որոնք են՝ «Համալսարանի Հոգաբարձուների Խորհուրդը և գործադիր մարմինը»։ Այսինքն, ՀՖՀՀ նախագահ՝ որպես համալսարանի ղեկավարման մարմին, գոյություն չունի։

Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, որի կարգավիճակը, կազմակերպման և ընտրության կարգը սահմանված են։

Համալսարանը նույնպես արձագանքել է կատարվածին և վկայակոչելով կանոնադրության 1.7. կետը՝ «Համալսարանը չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական կուսակցության»,  հայտարարել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի էթիկայի կանոնները հիմնված են ինտելեկտուալ անկախության վրա և որևէ քաղաքական կուսակցություն չի կարող նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործել ՀՖՀՀ-ի համբավը:

Դեկտեմբերի 5-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննվեց և մերժվեց Ասոցիացիայի դիմումը (կից), որով Ասոցիացիան խնդրում է միջոցներ ձեռնարկել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից իրականությանը չհամապատասխանող և ՀՖՀՀ շրջանավարտների իրավունքները ոտնահարող քարոզչական նյութերը հեռացնելու համար։

Ելնելով նրանից, որ ՀՀ ընտրական օրենսգրքում նախընտրական քարոզչական նյութի բովանդակությանը ներկայացվող որևէ պայման նախատեսված չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէ գնահատելու նախընտրական քարոզչության նյութի բովանդակությունը և քարոզչական նյութի բովանդակությամբ պայմանավորված որևէ կերպ միջամտելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչության իրականացմանը։

Ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ ՝ https://res.elections.am/images/dec/18.164_A.pdf :

Ասոցիացիան կոչ է անում առանց շրջանավարտների համաձայնության չօգտագործել ասոցիացիայի անդամների համբավը և պահանջում է չշահարկել շրջանավարտների հավաքական անունը որևէ քաղաքական ուժի քարոզչական նյութերում։

Չնայած ընտրական օրենսգիրքը չի նախատեսում մեխանիզմներ իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութերը ԿԸՀ միջոցով հեռացնելու համար, Ասոցիացիան կշարունակի միջոցներ ձեռնարկել խնդրահարույց պաստառի մասով մեր անդամների դիրքորոշման մասին հանրությանը իրազեկելու նպատակով։

 

 

«ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31