Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Չեմ կարծում, որ հետայսու Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի». «Փաստ»

Դեկտեմբեր 06,2018 10:52

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ խոսեցինք ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգման մասին: Նշենք, որ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել էր, թե Հայաստանի խնդրանքով է այն հետաձգվել՝ հղում էր արվել նախընտրական արշավը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակն էլ նշել էր, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել: Խնդիրը ՀԱՊԿ–ի՞, թե՞ Հայաստանի դաշտում է: Քաղաքագետը նախ ընդգծեց՝ Հայաստանը գտնվում է չափազանց կարևոր մի շրջափուլում. «Ակնհայտ է, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը ևս կարևորում է այս գործընթացը: Բնական է, որ պետք է նաև հաշվի առնել նախընտրական գործընթացները: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ընդունված է նման հանդիպումների հետաձգումը՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով: Եթե Հայաստանի կողմից նման խնդրանք եղել է, ապա դա տրամաբանական է: Ես չեմ ուզում անդրադառնալ վերոնշյալ հեռակա բանավեճին՝ կողմերը պետք է իրար մեջ խոսեն, և հայտարարություններ անելուց առաջ պետք է համապատասխան կոորդինացիա լինի, ինչը ևս միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ հետաձգվել է, քանի կա միջազգային նման պրակտիկա»:

Սուրեն Սարգսյանն այդքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ՀԱՊԿ–ում ճգնաժամ կա.

«Որպես այդպիսին, ճգնաժամ չէի համարի, որովհետև կառույցը, այդուհանդերձ, չունենալով գլխավոր քարտուղար՝ շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: Թեև ճգնաժամ, որպես այդպիսին, չկա, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ հետայսու Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի: Եվ կարծում եմ, որ ՌԴ ներկայացուցիչը՝ Սեմերիկովը, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն է, իսկ այժմ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը, մինչև քվոտայով Հայաստանին հասանելիք ժամկետի ավարտը կպաշտոնավարի, որից հետո էլ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը»:

Քաղաքագետն այս կարծիքն ունի, որովհետև, ըստ նրա, այստեղ գործընթացները զարգացել են ոչ թե փակ դռների հետևում, այլ եղել են քաղաքական բաց ու հանրային հայտարարություններ. «Եվ կարծում եմ՝ Հայաստանն անզիջում է գտնվելու իր դիրքորոշումն առաջ մղելու հարցում: Նույնն էլ Բելառուսի դեպքում է լինելու: Ընդամենը 1 տարի և մի քանի ամիս է մնացել, որ Հայաստանը ղեկավարի այս կառույց, և սա շատ փոքր ժամանակահատված է, որ նոր գլխավոր քարտուղար նշանակվի: Նոր քարտուղարը չի կարող էֆեկտիվ աշխատանք իրականացնել այս փոքր ժամանակահատվածի համար, և կարծում եմ, որ դժվարությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքով: Կարծում եմ՝ որքան ձգձգվում է գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, դա, բնականաբար, չի բխում ՀՀ շահերից: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման հետաձգվելը նույնպես չի բխում ՀՀ շահերից, որովհետև մենք մեր թեկնածուին առաջ մղելու հարցում չենք կարող էֆեկտիվ լինել, մանավանդ, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ղեկավարելու ժամկետը մոտենում է ավարտին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31