«Այն, որ այս ձայնագրության մեջ ներպետական խնդիրներ կային, արդեն գիտեինք առաջին ձայնագրությունից։ Ձայնագրության նոր հատվածի մեջ միակ նորությունն այն է, որ ռուսական կողմը, ռուսական հատուկ ծառայությունները` Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) առնվազն հորդորել են Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս Արթուր Վանեցյանի, Խաչատուրովի նկատմամբ ազատազրկում չկիրառվի։ Այ սա է նորությունը, և մտահոգիչը այս ձայնագրության մեջ»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ձայնագրության այս նոր հատվածից նաև պարզ դարձավ, որ ռուսական СВР-ն ու ФСБ-ն Հայաստանում ունեն ներկայացուցիչներ։ Ու եթե ФСБ-ի ներկայացուցչի ներկայությունը Հայաստանում ինչ-որ կերպ հասկանալի է, քանի որ դեռ 1992 թվականից Հայաստանում են տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը և այդ առումով իրենց ներկայությունը գուցե բացատրելի է, բայց Իոաննիսյանի համար հասկանալի չէ, թե ինչ է անում Հայաստանում Ռուսաստանի արտաքին հետախուզության ներկայացուցիչը։ «Սա հասկանալի չէ, ու պետք է բացատրվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Իոաննիսյանը չի կարծում, որ ձայնագրության հրապարակը առավելապես պայմանավորված է նախընտրական այս շրջանով։ Նրա խոսքերով՝ այս ձայնագրությունն ավելի ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին։ «Առհասարակ, ձայնագրությունը հրապարակվեց այսօր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ունենան երևան եկած նոր հանգամանք նոր միջնորդություն ներկայացնելու համար, ինչու չէ նաև որոշակիորեն ազդեն դատարանի հնարավոր որոշման վրա։ Խոսքը Վերաքննիչ դատարանի կողմից կայացվելիք որոշման մասին է, որը պետք է հրապարակվի դեկտեմբերի 7-ին»,- ասաց Իոաննիսյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում