Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «Ղարաբաղը ծախելու» մասին

Դեկտեմբեր 06,2018 10:00

Հայաստանի Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում բոլոր ընդդիմությունները մեղադրում էին բոլոր իշխանություններին Ղարաբաղը թշնամուն «հանձնելու» կամ «ծախելու» մտադրության մեջ: Այդ մեղադրանքներից ոչ մեկն ինձ հիմնավոր չէր թվում: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր պատրաստվում հանձնել Ղարաբաղը, ինչում նրան մեղադրում էին, մասնավորապես, դաշնակցականները: Ի դեպ, նրանք այսօր պնդում են, որ սատարում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը՝ առաջին նախագահի «պարտվողական քաղաքականությանը» հակազդելու համար: Ստացվում է, որ նրանք մոտ տասը տարի՝ մինչեւ 2008 թվականը, իշխանության մեջ էին այն պատճառով, որ 1998-ին Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը «ծախում էր»: Այդ պնդումը որեւէ տրամաբանական քննության չի ենթարկվում:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես չէր պատրաստվում հանձնել Ղարաբաղը, ինչում նրան մեղադրում էին, մասնավորապես, ՀՀՇ-ականներն ու այլ ընդդիմադիրները: Մեր երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ ոչ մի մտադրություն չուներ «Ղարաբաղը ծախելու», ինչպես որ հայտարարում էին հատկապես զինված քաղաքական պայքարի ջատագովները: Ներկայումս Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը նույնպես չի պատրաստվում հանձնել Արցախը, ինչի մասին խոսում են, մասնավորապես, Դավիթ Շահնազարյանը եւ ՀՀԿ-ականները: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ կտրականապես համաձայն չեմ այն տեսության հետ, թե իբր թավշյա հեղափոխության վերջնական նպատակը հենց այդ «հանձնումն» էր:

Իհարկե, պետության ղեկավարը կարող է սխալվել, կարող է հակված լինել անհաջող տարբերակների (օրինակ՝ «Մեղրիի») կամ չհիմնավորված զիջումների, բայց «հանձնելու» մտադրության մասին խոսելը թե՛ առաջ, թե՛ հիմա պարզապես ընդդիմադիր քարոզչություն է: Վստահ եմ, որ այդ մեղադրանքը սուտ կլինի նաեւ Հայաստանի 5-րդ, 6-րդ, 10-րդ ղեկավարի դեպքում: Նախ՝ այն պատճառով, որ դավաճանը հնարավորություն չունի դառնալու մեր երկրի առաջին դեմք, եւ երկրորդ՝ եթե նույնիսկ նա ստորագրի «հանձնելու» ծրագրի տակ, այն հնարավոր չի լինի իրագործել:

Բայց այն հանգամանքը, որ ընդդիմադիրներն անհիմն մեղադրանքներ են առաջ քաշում, ամենեւին չի նշանակում, որ այդ մեղադրանքների հեղինակներին պետք է քարշ տալ ԱԱԾ կամ որեւէ այլ պատժիչ կառույց: Քաղաքական գործիչները հանդես են գալիս ճիշտ կամ սխալ քաղաքական մեղադրանքներով: Պատասխանը նույնպես պետք է լինի քաղաքական: Ոչ «ուժային»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Համաձայն: Հռետորական չափազանցութիւնները երբ որ մէկդի դնենք, անշուշտ թէ Արցախի նկատմամբ պետական որեւէ ղեկավարութեան կողմէ ոչ դաւաճանութիւն կայ, ոչ ալ Արցախը «ծախելու» հարց կայ, ոչ հիմա, ոչ ալ երբեւիցէ:

    Այս վարչապետն ալ, ինչպէս նախկին երեք նախագահները յաջորդաբար, ինք ալ պիտի ջանայ վերջ դնել պատերազմին, խաղաղութիւն հաստատել Ադրբեջանի հետ, որպէսզի երկիրը շանս մը ունենայ ոտքի ելլելու:

    Սակայն այժմ կան երկու էական տարբերութիւններ, անցեալին համեմատ ՝
    . այս վարչապետը ժողովրդային խոր համակրանք եւ արտակարգ վստահութիւն կը վայելէ
    . դեռ երկրէն չփախած ժողովուրդին մի լայն հատուածը, զգուշօրէն ըսուած՝ յոգնած է Արցախի հիմնախնդրէն… ընդհանրապէս մաշած է, չի դիմանում, եւ յատկապէս ի վիճակի չէ «յարատեւ պատերազմի» յղացքը ընդունելու, դիմագրաւելու… (այո, այո, ի հարկին ամէն մարդ կ’երթայ, կը մեռնի ռազմաճակատի վրայ, հասկացանք, այդ չէ հարցը… Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ալ շատ փայլուն չէր ժողովուրդին վիճակը… իրողութիւնը այն է որ, ի միջի այլոց Արցախի նիւթով եւս, կարելի չէ ըսել որ ժողովրդային տրամադրութիւնները նոյնն են այսօր, քան ինչ որ էին քառորդ դար առաջ… իսկ այժմու խանդավառութիւնն ու կորովն ալ առաջնահերթ կերպով եւ հիմնականօրէն կ’առնչուին անձնական, առօրեայ կեանքի բարելաւման յոյսերու վրայ, եւ ժողովրդային լայն խաւերու պարագային, պարզապէս չունի գաղափարական բնոյթ)…

    Վերոնշեալ երկու նոր ու հիմնական տուեալները չկային ուրեմն նախկին վարչակարգերու ժամանակ: Առաջին Նախագահը երբ որ սկսաւ ձեռնարկել խաղաղութեան ջանքերու հիմնական փուլին, արդէն անոր սկզբնական վարկանիշը իջած էր. հենց ատոր համար ալ, ափալ-թափալ, Քոչարյանը բերաւ Արցախէն… Եւ ամէն դէպքում չկար երկրորդ տուեալը. տակաւին լիովին մարտունակ, կայտառ եւ դիմացկուն էր համայն ժողովուրդը: Իսկ յաջորդող երկու նախագահները այն աստիճան ատուած էին որոշ զանգուածի մը կողմէ, որ Շահումյանը եւ Նախիջեւանը իսկ եթէ ձեռք բերէին բանակցութեան ընթացքին, նորէն պիտի անիծուէին որպէս հրէշային դաւաճաններ, քանի որ նոյն առիթով չեն ստացած նաեւ Սիփան սարը:

    Դեռ չնշելու համար այլ նկատողութիւններ (որոնք տեղին են եւ կապ չունին դաւաճանութեան հետ, սակայն եթէ սկսինք զանոնք թուարկել, նիւթը պիտի ճապաղի), գոնէ այս երկու նոր տուեալները, ի տարբերութիւն անցեալի նոյնանման կացութիւններու, յառաջիկային կը բարձրացնեն հաւանականութիւնը որ սխալ բան մը տեղի ունենայ այս նիւթին մէջ, որու հետեւանքով՝ կամ պատերազմը լայնածաւալ կերպով կը բռնկի, կամ ալ ներքին, ներազգային աննախադէպ տարողութեամբ խնդիրներ կ’ունենանք:

    Այս է մտահոգութիւնը: Եւ այժմու դրութեամբ, որեւէ կուսակցութիւն չի կրնար փարատել զայն: Քանզի lemming-ներու վիճակի մէջ է ամբոխը:

    ( Խմբագրականին ընկերակցող նկարի հարցման՝ ընտանիքիս պատասխանը,
    անցած 14 տարիներուն (տեսանիւթ ալ կայ) ՝
    https://www.facebook.com/AramManoukianJampar/ )

  2. Ալֆրեդ says:

    Անձամբ Փաշինյանը այն ժամանակ մեղադրում էր իշխանություններին Ղարաբաղը ծախելու մեջ,բայց ոչ մեկը նրան չսպառնաց նրան բռնել, հիմա ինքը ինչու է սպառնում, ստացվեւմ է ինչը կարելի է Կեսարին չի կարելի սլեսարին

    • Հ.Շ. says:

      արդարեւ, նախկին վարչակարգի վախտը, ոչ միայն Փաշինյանը ինք, այս պարագային եւ այս նիւթով, ձերբակալման սպառնալիք չէր ստանար, այլ նոյնպէս դաւաճանութեան եւ Արցախ ծախելու մասին ազատօրէն կը խօսէին բազմաթիւ այլ քաղաքական գորիչները, շատ աւելի ծայրայեղ կերպով իսկ… օրինական հետապնդման ենթարկուեցան միայն անոնք որոնք, խօսքերէն անդին, այդ հիման վրայ բրտութեան արարքներ գործեցին – իսկ անոնք մինչեւ օրս իսկ կը ջանան «արդարացնել» հայ հողի վրայ թափուած հայի արիւնը, այս նոյն Արցախը-ծախելու հանկերգով, մինչ Փաշինյանը զանոնք բանտէն դուրս հանեց եւ կրնան անոնք հիմա խորհրդարան ալ մուտք գործել… –

      ԼՏՊի օրոք եղան սակայն նոյն նիւթի կապակցութեամբ, սպառնալիքէ անդին, իսկական ձերբակալութիւններ… այդ պատճառով ալ գոնէ Շահնազարյանը թերեւս կրնայ մի քիչ զուսպ մնալ, այս ուղղութեամբ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31