Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղը բարդանում է

Դեկտեմբեր 06,2018 12:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի եւ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը եւ հետաձգել գագաթնաժողովը»,- ասել է Ուշակովը: Նա հավելել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Ուշակովը նաեւ հավելել է, որ կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծելու մի քանի տարբերակ, սակայն դժվար թե մինչեւ տարեվերջ հաջողվի նոր գագաթնաժողով գումարել եւ որոշում կայացնել:

Այս հայտարարությանը հաջորդեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի պարզաբանումը, որն անդրադառնալով Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ «Ազատությանը» հայտնել է, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։ Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն ասել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է, եւ պատճառը դաշինքի գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի շուրջ համաձայնության բացակայությունն է: Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն առաջարկել է, եւ ինքն էլ համաձայնել է՝ գագաթնաժողով չանել, աշխատանքային կարգով քննարկել լուծումը, որից հետո պատրաստի լուծմամբ գնալ գագաթնաժողովի:

Դեկտեմբերի 5-ին Փաշինյանը կրկին անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ Հայաստանը ո՛չ խնդրանքով, ո՛չ էլ առաջարկով չի դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգելու համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվելու է կոնսենսուսով՝ ասել է նա։ Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Արման Եղոյանն էլ ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում», ապա շարունակել է. «Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում եւ մենք հետեւողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»։ Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը նման հայտարարություն անում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ «չեմ կարող ասել, տարօրինակ է»։

Հարցին՝ քննարկվելո՞ւ է այս հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը պատասխանել է. «Մենք հանդիպումների ժամանակ բոլոր հնարավոր հարցերը քննարկում ենք, բայց չեմ կարծում, որ ՌԴ նախագահի հետ պետք է իր օգնականի հայտարարությունները քննարկեմ, շատ ավելի կարեւոր հարցեր կան։ Այդ մանրամասներն այդքան էլ հետաքրքիր չեն։ Ես ձեզ ասել եմ, որ այս համատեքստում գլխավոր քարտուղարի հարցն ամենակարեւոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր ենք քննարկում այդ համատեքստում, եւ ամենակարեւոր հարցը ՀԱՊԿ էֆկտիվության եւ կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների ու այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների հարցն է, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության առաջ ու կազմակերպության պարտավորությունների հարցը անդամ երկրների առաջ եւ երկրների փոխադարձ պարտավորությունների հարցը»։

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է նախատեսված, որի մեկնարկից մեկ օր առաջ Փաշինյանը կրկին վերահաստատեց իր մտադրությունը՝ պարզաբանումներ պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել էր, որ իրենք պատրաստ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, եւ ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։ «Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա՞ արդյոք Հայաստանը»,- Ադրբեջանի դեսպանին ասել էր Բելառուսի նախագահը։

Այսպիսով, պաշտոնական Երեւանը պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար շարունակելու է պայքարել եւ շարունակում է բանակցել գործընկերների հետ: Կարծես, Մոսկվան էլ չի զիջում՝ անուղղակիորեն ցույց տալով, որ դեմ է ՀԱՊԿ-ում հայկական կողմի թեկնածուի պնդելու պրոցեսին պաշտոնական Երեւանի կողմից:

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ «միջհապկական» փոխհրաձգությունները տեղափոխվել են հրապարակային դաշտ, ինչը, մեղմ ասած, Հայաստանի շահերից ամենեւին էլ չի բխում: Այլ բան է, երբ Բելառուսի ու Ղազախստանի պաշտոնատար անձանց «տեղը դնելիս» մենք մատնացույց ենք անում նրանց ադրբեջանանպաստ գործունեությունը, այլ բան է, երբ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում անհարթություններն ի ցույց են դրվում, ընդ որում՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Եթե Մոսկվան նպատակ ունի ցույց տալու, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման նախաձեռնողը Երեւանը չէ, ուրեմն դա է պահանջում Մոսկվայի շահը մյուս գործընկերների առջեւ, կամ, որ ավելի վատ է, նրանք ի սկզբանե պաշտոնական Երեւանին հեշտ ու հանգիստ համաձայնություն են տվել՝ ՀԱՊԿ-ականների հանդիպումը հետաձգելու վերաբերյալ, սակայն հետո ձգտում են այն նախաձեռնելու մեղքը բարդել հայկական կողմի վրա: Համաձայնեք, սա արդեն դիվանագիտական լեզու չէ, որից սովորաբար օգտվում են կողմերը բազմաթիվ խնդրահարույց հարցեր քննարկելիս՝ ընդհանուր հայտարարի գալու ճանապարհին:

Բոլոր դեպքերում, այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, երբ Նիկոլ Փաշինյանը թեեւ մեկնում է Ռուսաստան՝ նաեւ Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարություններից պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, բայց կարծես Հայաստանի դաշնակից պետությունների ղեկավարներն են առավելապես իրենց կրտսեր հայ գործընկերոջից պարզաբանումներ սպասում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «կրտսեր» է, այո, կարգ մը տեսանկիւններից, սակայն այս պարագային դա չէ կարեւորը, որովհետեւ Ռուսաստանի համար Հայաստանի աշխարհա-քաղաքական արժէքը ամենաբարձրն է տուեալ տարածքաշրջանին մէջ… եթէ իր ունեցած քարտերը խոհեմ ու խելացի կերպով խաղայ, Փաշինյանը կարող է Հայաստանի եւ Արցախի համար օգուտներ քաղել, այդ գազանանոցին ընդմէջէն… սակայն յատկապէս այս ուղղութեամբ պէտք է նաեւ որ զգուշանայ իր շրջապատէն… իրեն մօտիկներից ոմանք մեծ վնաս կարող են բերել իրեն, Հայաստան/Արցախին եւ Համայն Հայութեան…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31