Վրաստանում վերջին անգամ երկրի նախագահ ընտրեցին ուղիղ քվեարկությամբ
Նոյեմբերի 28-ին հարեւան Վրաստանում վերջին անգամ երկրի նախագահ ընտրեցին ուղիղ քվեարկությամբ: Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ վեց տարի հետո՝ 2024-ին, արդեն նախագահին ընտրելու է 300 հոգանոց ընտրական կոլեգիան՝ խորհրդարանի 150 պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մրցակից նախագահի թեկնածուները «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի սատարած Սալոմե Զուրաբիշվիլին էր եւ միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պայքարը երկու նախկին արտգործնախարարների միջեւ էր:
Ըստ ընտրությունների արդյունքների՝ թեկնածուներին բաժանում է գրեթե 20 տոկոս ձայների տարբերություն, սակայն ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Ըստ պաշտոնական տվյալների՝ Վաշաձեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների ավելի քան 40 տոկոսն էր ստացել, Զուրաբիշվիլին՝ շուրջ 60: Վրացական ընդդիմությունը երկրի իշխանություններին առաջարկում է բանակցություններ սկսել, իրենց բնորոշմամբ, «քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները գտնելու նպատակով»: Այդ մասին կիրակի օրը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կազմակերպված հանրահավաքում նշեց Գրիգոլ Վաշաձեն:
«Մենք առաջարկում ենք կառավարությանը հատուկ աշխատանքային խումբ ստեղծել: Այն պետք է բաղկացած լինի 10 հոգուց` հնգական անդամ իշխանությունից եւ ընդդիմությունից: Քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո, քաղաքակիրթ, եվրոպացիներին վայել ձեւով, բոլոր իրավաբանական նորմերի պահպանմամբ մենք կքննարկենք ներկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Մենք կառավարությանը ժամանակ ենք տրամադրում մինչեւ դեկտեմբերի 16-ը: Նշեմ, որ հենց իշխանությունների պատասխանից են կախված մեր հետագա գործողությունները»,- ասաց նա:
Վրացական ընդդիմության գլխավոր պահանջն այս փուլում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնք պետք է տեղի ունենան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ու տեղամասային հանձնաժողովների անդամների լիակատար փոփոխությունից հետո: Վաշաձեն Վրաստանի ընտրական համակարգը վերից վար կոռումպացված է անվանում. «Մենք պատրաստ ենք ներգրավվել քաղաքական պրոցեսի մեջ: Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր պահանջների կատարմանը: Նախագահական կեղծված ընտրությունները երկրում տիրող քաղաքական իրավիճակի շատ հստակ բնութագիրն էին, դրանք ցույց տվեցին, որ «Վրացական երազանք» կուսակցությունը զուրկ է երկրի կառավարման մանդատից եւ հանրային վստահությունից: Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»:
Նշենք, որ վրացական ընդդիմության երկխոսության վերջնաժամկետի օրը՝ դեկտեմբերի 16-ին, կայանալու է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: «Վրաստանը նախագահ չունի: Դա Բիձինա Իվանիշվիլիի նախագահն է: Այդ իսկ պատճառով մենք այդ անշունչ առարկայի նկատմամբ որեւէ բարոյական կամ քաղաքական պարտավորություն ունենալ չենք կարող»,- ընտրությունների հաջորդ օրը դիմելով Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի դահլիճում հավաքված իր կողմնակիցներին` ասաց ընդդիմադիր թեկնածուն:
Վրաստանի իշխանությունները ընդդիմությունից հնչող կտրուկ կոչերը գնահատում են որպես իրադրությունն ապակայունացնելու բոլոր փորձեր: «Որեւէ հեղափոխական կամ ռեւանշիստական սցենար մենք չենք հանդուրժի: Պետությունը կպաշտպանի ցանկացած քաղաքացու անվտանգությունը, ինչպես նաեւ խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու նրանց իրավունքը: Ընտրությունները ավարտվել են, եւ երկիրը պետք է վերադառնա կյանքի բնականոն ռիթմին»,- նշեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նախագահական ընտրություններին ակտիվորեն հետեւում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը համոզված է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնել: «Բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարի, այլեւ կընդլայնվեն, ավելի բազմամարդ կդառնան, եւ մենք դեկտեմբերի 16-ին կանցկացնենք որոշիչ ակցիան»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում, ըստ Aliq Median-ի, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ամեն ինչ կստացվի: Բոլորին կոչ եմ անում զանգել ընկերներին, բարեկամներին, որպեսզի բոլորը կազմակերպեն իրենց մինի ակցիան, եւ մենք դեկտեմբերի 16-ին կփոխենք ամեն ինչ: Դեկտեմբերի 16-ը մեծ օր է լինելու Վրաստանի նորագույն պատմության մեջ, եթե լավ աշխատենք եւ բոլորս աշխատենք»,- նշել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ թույլ չեն տալու դեկտեմբերի 16-ին կայանա Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, ինչպես 2003-ին թույլ չտվեցին Էդուարդ Շեւարդնաձեն մեկնարկեր խորհրդարանի աշխատանքը:
«Առավոտը» «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին խնդրեց գնահատել հետընտրական Վրաստանում ընդդիմության ներկայացրած պահանջները, դրանց հասնելու հնարավորությունները: Մեր զրուցակիցը նախ նկատեց, որ տեղական եւ միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլն անցել է խախտումներով, թեեւ դրանք ոչ մասսայական բնույթ են կրել եւ այն քանակությամբ չեն եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Թեկնածուների միջեւ տոկոսային տարբերությունը գրեթե 20 տոկոս է, եւ սա այնպիսի տարբերություն է, որը կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի պարտված թեկնածուն շնորհավորեր հաղթած թեկնածուին: Նույնիսկ ընդդիմության եւ դիտորդների կողմից վիճարկվող ընտրատեղամասերի դեպքում, կարծում եմ, դա 1 տոկոսից ոչ ավելի ձայների մասին է խոսքը»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գործողություններին, ապա մեր զրուցակիցը կարեւորեց, որ ընդդիմադիր դաշինքին անդամակցած մի քանի ուժեր նշել են, որ այն կոչերը, որոնք հնչում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, իրենց ուղին չէ: «Ինքը՝ նախագահի պարտված թեկնածուն, եւս հայտարարեց, որ գործելու է բացառապես Սահմանադրության շրջանակներում, դա նշանակում է, որ ինքն էլ է հեռանում Սաակաշվիլիի հայտարարությունից՝ իշխանափոխության հասնել բողոքի ցույցերի միջոցով: Այժմ ընդդիմության գործողությունները զարգանում են այն պլանով, որոնք նրանք կունենային այն դեպքում, եթե թեկնածուների միջեւ տոկոսային տարբերությունը լիներ 2-3 տոկոս: Բայց այժմ իրականությունն այլ է, եւ նրանք շատ լավ հասկանում են, որ այն հին պլանը, որ ունեցել են նախկինում, բացարձակապես հնարավոր չէ օգտագործել թեկնածուների միջեւ 20 տոկոս ձայների տարբերության պայմաններում: Այնուամենայնիվ, նրանք որոշ տարրեր օգտագործեցին՝ ընտրությունների արդյունքները չճանաչելը, արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, մենք նման պահանջներ լսել ենք նաեւ մինչեւ ընտրությունները: Հիմա ընդդիմությունը գործում է այս ուղղությամբ՝ պահել համախմբվածության ձեւն ու նմանությունը, մնալ իշխող կուսակցությունից հետո երկրորդ քաղաքական ուժի դիրքերում: Եթե իշխող կուսակցությունը չփոխի մոտեցումները, իսկ չկան հիմքեր նման բան պնդելու համար, նրանց վարկանիշը կսկսի ընկնել: Ընդդիմադիր կուսակցություններն էլ արդեն իսկ մտածում են այդ մասին, թե ինչ կլինի, եթե նրանց վարկանիշն ընկնի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»:
Մեր զրուցակիցը նկատեց նաեւ՝ ընտրությունների երկրորդ փուլում հասարակության մեջ որոշ հատված քվեարկել է ոչ թե որեւէ թեկնածուի օգտին, այլ ընդդեմ թեկնածուի, այսինքն՝ չեն ստացել այն մարդկանց ձայները, որոնց կարելի էր ուղիղ իրենց աջակիցը համարել: «Եթե լիներ երրորդ ուժ, հնարավոր է՝ այլ պատկեր ունենայինք: Ընտրողների մի ստվար զանգված կա Վրաստանում, որոնք չեն ցանկանում տեսնել այն մարդկանց, ովքեր այսօր իշխանության մեջ են, եւ նաեւ չեն ցանկանում Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակների»:
Ինչպիսի նախագահ կարող է դառնալ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններում պարտված թեկնածուն նշում էր, թե «Վրաստանը նախագահ չունի, նա Բիձինա Իվանիշվիլիի նախագահն է», նա «անշունչ առարկա է», «մարիոնետ է», հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: Մեր զրուցակիցը կտրականապես համաձայն չէ ընդդիմադիր թեկնածուի վերոնշյալ գնահատականներին. «Սալոմե Զուրաբիշվիլին բացարձակ անկախ անձնավորություն է՝ անկախ նրանից, որ նրան սատարում էր Բիձինա Իվանիշվիլին, նա անկախ մարդ է՝ իր տեսլականով, իր բնավորությամբ եւ իր արժեհամակարգով: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչպիսի նախագահ կլինի, որքանով արդյունավետ, որքանով օգտակար երկրի համար՝ սա արդեն այլ հարց է: Բայց պետք է հիշել, որ Վրաստանը խորհրդարանական կառավարման երկիր է արդեն՝ վերջին նախագահական ընտրություններից հետո, եւ այն ֆունկցիաները, որն ուներ նախագահը, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հիմա այդ՝ առանց այն էլ նվազ լիազորություններն էլ ավելի պակասեցին»:
Իսկ ինչպե՞ս են ընտրություններում քվեարկել Վրաստանի մեր հայրենակից քաղաքացիները, առավելապես ո՞ր թեկնածուին են ձայն տվել՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: Նա նշեց, որ Վրաստանի ընտրողների 8 տոկոսն են կազմում հայ համայնքի ակտիվ քվեարկող ներկայացուցիչները: Ըստ մեր զրուցակցի՝ հայ համայնքի որոշ մասն այնքան էլ ակտիվ չէ ընտրական գործընթացներում, քանի որ չեն տեսնում, թե ինչ ծրագրերով են թեկնածուները առաջնորդվում, սակայն դա այլ խնդիր է: «Փաստացի ակտիվությունը մեծ է եղել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, որտեղ մոտավորապես 70 տոկոս ձայն են տվել Սալոմե Զուրաբիշվիլիին, 30 տոկոսը՝ Գրիգոլ Վաշաձեին, իսկ Թբիլիսիում հայ ընտրողներից 60 տոկոսը Զուրաբիշվիլիի օգտին է քվեարկել, իսկ 40 տոկոսը՝ Վաշաձեի օգտին»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.12.2018