Լրահոս
Օրվա լրահոսը

25 հոգուց միայն 8-ն է համաձայնել նկարվել Աշոտյանի հետ՝  ֆեյսբուք գցելու համար. «Վախեցած են»

Դեկտեմբեր 06,2018 14:30

Աշոտյանը հորդորում է, որ Փաշինյանին եթերաժամ տան,  թող Կաշպիրովսկու նման պոզիտիվ ազդեցություն ունենա ու վերջ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հրազդանում քարոզարշավի ժամանակ արձագանքելով հանրապետականների այն քննադատությանը, որ վերջին 6-7 ամիսներին այս կառավարությունը ոչ մի լավ բան չի արել, թվարկեց, թե ինչ առաջընթաց են իրենք արձանագրել: Մասնավորապես՝ Փաշինյանը շեշտեց, որ 24 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունները չեն կեղծվել, երկրում չկան քաղբանտարկյալներ, 250 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը, ի պատասխան Փաշինյանի, ասաց. «Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել, որեւէ միջազգային զեկույցում այդ մասին չի եղել: Թե ինչ է ինքը ուզում կոչել այն մարդկանց, որոնք ունեն քաղաքական հայացքներ, բայց զուգահեռ նաեւ ինչ-որ քրեական գործերով դատվել են, դա իր խնդիրն է, հռետորաբանության խնդիր է: Իրականում որեւէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն 2008-ից 2018-ը որեւէ մարդու չի անվանել Հայաստանում քաղբանտարկյալ: Ինչ վերաբերում է ընտրություններին, տեսնում եմ՝ ինչ ուզում անում են՝ ապօրինի գովազդ անում են, որտեղ ուզում, իրենց պլակատները կպցնում են, այն, ինչ ուղիղ արգելված է օրենքով՝ հանրային վայրերում, տաքսիների վրա… Մենք դիմել ենք դատախազություն, մեզ ԿԸՀ-ից վահանակ էր հասել, այն ՍՊԸ-ն, որը տրամադրում է, հրաժարվում է փակցնել ՀՀԿ-ի գովազդը: Ատելության, անհանդուրժողականության գագաթնակետն է, որի էպիկենտրոնը անձամբ Նիկոլ Փաշինյանն է: Այդ ամենը արդեն թվարկված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում: Մարդկանց խանգարում են, խոչընդոտում են քարոզարշավը, մեր կողմնակիցների վրա ճնշումներ են գործադրում: Ում որ ֆիքսում են ՀՀԿ շտաբներում կամ ՀՀԿ թեկնածուների հետ աշխատելիս, նույն օրը կամ հաջորդ օրը սպառնալիքներ են ստանում, հատկապես՝ եթե պետական աշխատողներ են, ՊՈԱԿ-ների աշխատակիցներ: Մարդիկ վախենում են»:

Փաստելու համար, թե մարդիկ ինչքան վախեցած են ՀՀԿ-ի հետ շփումներից, Աշոտյանը մի օրինակ բերեց. «Ինձ հետ եկել է հանդիպման կամավորների մի խումբ՝ մոտ 25 հոգի մարդ, եզրափակիչ լուսանկարում համաձայնեց ինձ հետ լուսանկարվել ֆեյսբուք գցելու համար 8 հոգի: Մնացածն ասեցին՝ մենք ամեն ինչ կանենք, բայց կներեք, մենք չենք կարող նկարվել ձեզ հետ: Սա՞ է այն Հայաստանը, որի մասին Նիկոլը խոստումներ էր տալիս, սա՞ է իր ժողովրդավարական ընտրությունը: Հանրային հեռուստառադիոընկերությունը bluetooth-ով կպած է Նիկոլի ուղեղին: Մինչեւ ընտրարշավը լրատվական ամբողջ խմբագրական քաղաքականությունն է այդպիսի եղել: Հիմա դրել են հաշվիչ, իբր վայրկյաններով հավասարակշռում են, այն դեպքում, երբ բովանդակության տեսակետից զգացնել են տալիս այն, որ իրենց լրատվականի նախկին ղեկավարը, որը հիմա արձակուրդում է, «Իմ քայլը» դաշինքի մեջ է: Նույնը վերաբերում է շատ ԶԼՄ-ների, որոնց լրագրողները ընդգրկված են այս կամ այն կուսակցության ցանկում, սա՞ է հավասար հնարավորությունը»:

Հարցին՝ դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ձեռքերի վրա հրապարակ բերած մարդկանց համար ոչ մի բան չի անում, մոռացել է նրանց դարդն ու հոգսերը, բայց Փաշինյանն ասում է, որ գազն ու լույսը էժանացել են, ջուրը չի թանկանա, 85 հազար մարդկանց թոշակներն ու նպաստները հունվարի 1-ից կավելանան եւ էլի այլ ցուցանիշներ է թվարկում, Աշոտյանը պատասխանեց. «Հերթական կեղծ խոստումներն են, 2019-ի պետբյուջեով դա չկա: Այն բոլոր տնտեսական հնարքները, որ նա փորձում է կիրառել, ապացուցում են հենց իր կողմից վերանշանակված, ժամանակին նկարչի համբավ ունեցող, իրականում շատ լավ մարդ ու լավ մասնագետ Վիճակագրական կոմիտեի ղեկավարի կողմից տրվող հաշվետվություններով. հունվարից մինչեւ հիմա ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 անգամ նվազել է, արտաքին ներդրումները նվազել են 10 անգամ, սա՞ է Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական դրախտը: Ի՞նչ աշխատատեղերի մասին է խոսքը, երբ մարդկանց արդեն ծանուցում են զանգվածային կրճատման մասին: Դուք հիշո՞ւմ եք մինչեւ վարչապետ դառնալը այդպիսի ելույթ, որտեղ մարդկանց ասում էր, որ կրճատելու է նրանց, շպրտի դուրս: Հիշո՞ւմ եք խոստում, որտեղ նա ասեր՝ տեսախցիկներն ավելացնելու եմ փողոցների վրա: Նա խաբում է մարդկանց ամեն օր: Նա պարզապես լավ հռետոր է: Նա լինելու է վարչապետ, բայց չի կարող աշխատել որպես վարչապետ, նա Հայաստանի ամենաձախողված վարչապետն է արդեն: Եթե ուզում է հանրային ակտիվություն ունենալ, եթերաժամ տվեք հեռուստաալիքներում, թող Կաշպիրովսկու նման պոզիտիվ ազդեցություն ունենա մարդկանց վրա ու վերջ: Նա լավ քաղաքական գործիչ է ու ձախողված պետական այր»:

Մեր հարցին՝ Փաշինյանն ասում է, որ դեկտեմբերի 9-ին ձեր տնեցիք անգամ ձեզ ձայն չեն տալու, այդ օրը ձեր քաղաքական մահն է արձանագրվելու, Աշոտյանը պատասխանեց. «Դատական բժիշկը ես եմ, պետք չի ինձ հետ մահից խոսել: Այն, որ իրենք ակտիվ լեզվին են տալիս կամ այս պահի դրությամբ վայելում են ինչ-որ էյֆորիա, դա դեռ չի նշանակում, որ նրանք շատ երկար քաղաքական ապագա ունեն: Իսկ գուցե դա շատ երկար հոգեվարքն է՝ վերջնական քաղաքական տապալումից առաջ: Ես վերահաստատում եմ իմ ասածը՝ դեկտեմբերի 9-ին, երբ ամփոփեն արդյունքները, Նիկոլ Փաշինյանին սպասվում են տհաճ անակնկալներ»:

Երբ ասացինք՝ Փաշինյանը Հրազդանում դրա հետ կապված ասաց՝ «թան էլ չէ, փրթած մածուն ձեզ», ասաց, որ ձեր ֆեյքերը տարածում են, իբր մարդիկ հիասթափված են իրենց կառավարությունից ու երազում են ՀՀԿ-ի վերադարձի մասին, Աշոտյանն արձագանքեց. «Ոչ ոք չի ասում, որ երազում են ՀՀԿ-ի վերադարձ, ՀՀԿ-ն չի հավակնում առաջին տեղի, գործադիր իշխանություն ձեւավորելու: Ուրիշ բան չունես մարդկանց ասելու՝ ՀՀԿ-ի ուրվականով վախեցնո՞ւմ ես»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31