Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ՝ ինչո՞ւ են «բանակի գումարը» պահանջում մարտական առաջադրանքի մեկնած զինծառայող-վարորդից

Դեկտեմբեր 06,2018 13:30

Գրիգոր Բաբաջանյանը հայոց բանակի վարորդներից է: Քսան տարվա վարորդը, ինչպես ինքն է ասում՝ բանակի բանվորը պայմանագրային զինվոր է վերջերս դարձել, առաջնագիծ գնացել, որպեսզի իրավական քաշքշուկներից դուրս կարողանա ընտանիքին զերծ պահել հնարավոր վտանգներից: Հուսահատված զանգել է «թեժ գիծ», ինչպես ինքն է ասել, թե պարանը կգցեմ վզիս, ծիծաղել են վրան:
Նրան ընդառաջ չեն գնացել պաշտպանության նախարարությունում, համոզված է, որ նախարարին չեն զեկուցել, թե ինչ է կատարվում իր եւ ընտանիքի հետ, նրա առաջ փակ են բոլոր դռները, մարդիկ չեն ուզում լսել զինվոր-վարորդին, որի որդին ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ժամանակ կոնտուզիա է ստացել, մայրը դիալիզով հիվանդ է, իսկ հայրը, ինչպես նա է ասում՝ «քրքրված վիճակում» է, հիվանդ կենսաթոշակառուն տրամվայի վարորդ է եղել:

Անցյալ տարվա սեպտեմբերի 18-27-ը մարտական առաջադրանք կատարելու նպատակով Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ գործուղված ՊՆ զորամասերից մեկի վարորդ, պայմանագրային զինծառայող Գրիգոր Բաբաջանյանն իր «Կամազ» 43114 մակնիշի ՊՆ 5236 Շ զինհամարանիշի մեքենայով սեպտեմբերի 27-ին, ժամը 08:30-ի սահմաններում, զորամաս վերադառնալիս Տավուշ-Ծաղկավան-Վարագավան գյուղերի առաջին կիլոմետրի գլխավոր ճանապարհի ոլորանը պտտվելիս հատել է հոծ գիծը եւ մեքենայի ձախակողմյան հատվածի`բաքի մասով հարվածել հանդիպակաց երթեւեկող Ծաղկավան գյուղի բնակիչ Սամվել Բալդրյանի վարած «ՎԱԶ» 21214 մակնիշի 72 TV 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, վնասել ձախ անվաթեւը, շարժիչի ծածկոցը, ձախ թարթիչը, լուսարձակը, առջեւի շիթը, ջրահովացուցիչը:

Զինվորական մեքենայի ձախ անվաթեւը թեթեւ ծռվել է, վնասվել է ձախ բաքը: Բարեբախտաբար, ուղեւորները վնասվածքներ չեն ստացել:

Ի դեպ, զինմեքենայում են գտնվել փոխգնդապետը, երկու սպաներ, եւ ինչպես Գրիգորն է ասում՝ ինքը հոծ գիծը չի հատել, «Նիվայի» մեջ վարորդի եղբոր կինն է եղել:

Վարորդներին անմիջապես տարել են ստուգել խմածությունը, նրանք սթափ են եղել:

Գրիգորն «Առավոտին» ասում է՝ չթողեցին, որպեսզի ՃՈ ներկայացուցիչները գան, անմիջապես իրեն տարան ռազմական ոստիկանություն:

ՃՈ-ն գտնվելով դեպքի վայրում՝ արձանագրել էր, որ եղանակը այդ օրը եղել է անձրեւային, տեսանելիությունը բավարար, «դեպքի վայրում երթեւեկությունը կարգավորող նշաններ չկան, որոնցում տրված են 40 կմ./ժ արագություն», իսկ զննության ժամանակ մեքենաները գտնվել են դեպքի վայրում, սակայն տեղաշարժված:

Դեպքից հետո «Նիվայի» վարորդը զանգել է ԱՊՊԱ, իսկ զինմեքենայի վարորդը` հրամանատարությանը:

Զինվարորդը բացատրություն էր տվել, որ նշված ճանապարհահատվածի նեղ լինելու եւ ավտոմեքենայի մեծ լինելու պատճառով բաժանարար գիծն աննշան անցել է:

«Նիվայի» վարորդը վնասի հատուցման պահանջով դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով, որ վարորդը հատուցի 620 000 դրամի վնասը:

Վարորդին միայնակ են թողել այս դատուդատաստանի ժամանակ, եւ հայցադիմումը, չգիտես ինչու, վարորդի դեմ է, եւ ոչ թե ՊՆ-ի, որի մեքենան չի ապահովագրված, ասել է թե` ԱՊՊԱ պայմանագիր չունի, վարորդի, որի հետ անզգույշ նման բան է պատահել մարտական առաջադրանք կատարելու վերջին օրը:

Գործի նյութերում կա դիմում՝ ուղղված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որով հայտնվում է, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո հասարակական կազմակերպությունը դատի է տվել զինվարորդին, սակայն. «գտնում ենք, որ պահանջը ուղղված է ոչ այն անձի դեմ, ում դեմ պետք է ներկայացվեր»:

Գլխավոր շտաբի պետին տեղեկացվել է, որ նշված «Կամազի» սեփականատերը Գրիգոր Բաբաջանյանը չէ, հետեւաբար, վարորդը չունի օրենքով սահմանված ապահովագրության պարտականությունը կատարելու որեւէ պարտավորություն իր կողմից վարած ավտոմեքենայի նկատմամբ:

Պարտադիր ապահովագրության մասին գործող օրենքի համաձայն, ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի, եթե վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում, հոգեմետ նյութերի ազդեցության տակ, լքել է պատահարի վայրը, չի ունեցել մեքենան վարելու իրավունք, չի տեղեկացրել պատահարի մասին: Ինչպես նկատեցինք, միայն ԱՊՊԱ-ին չի տեղեկացրել Գրիգորը, որովհետեւ ապահովագրականի հետ առկա չի եղել պայմանագիր, նա ունեցել է մարտական առաջադրանք կատարելու համար գործուղման եւ այլ պատշաճ փաստաթղթեր:

Գրիգորի հետ զրույցի ժամանակ դատական նիստից հետո հասկացա, որ նա գտնվում է անելանելի վիճակում, խոսելիս հազիվ է զսպում հուզմունքը, երբ դիմում է վերադասին, իսկ ամեն տեղ ասում են` գումարը ինքդ պետք է տաս:

Գրիգորը նախնական դատական նիստի ժամանակ դիմել է միջնորդությամբ, որպեսզի իրեն փոխարինեն այլ պատասխանով` պաշտպանության նախարարությամբ, եւ կամ` ՊՆ-ին ներգրավել, որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Դատարանում ներկայացվել է մեկ միջնորդություն էլ հասարակական կազմակերպության կողմից` արգելանք դնել պայմանագրային զինծառայողին պատկանող գույքի վրա:

Ի դեպ, հայցվոր կողմը խնդրել է իր հայցապահանջը լսել իր բացակայությամբ:

Այս դեպքում մեղքի աստիճանը չի որոշվել, իսկ քաղօրենսգիրքը սահմանել է` հետաքնննության, նախաքննության, դատախազության մարմինների, կամ դատարանի պաշտոնատար անձի պատճառը հատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը հետադարձ պահանջի իրավունք ունի այդ անձից, եթե վերջինիս մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Առավոտի» տրամադրության տակ է Տավուշի ՌՈ բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Ղազարյանի 2017թ. հոկտեմբերի 27-ի որոշումը՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31