Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք գնացել խնդրել՝ կընդունե՞ք աշխատանքի. եղել է առաջարկություն՝ շարժման դրական էներգիան համատեղ վերածենք գործողությունների»

Դեկտեմբեր 06,2018 14:00

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այս քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը թեեւ իրենց ծրագրերից որոշ դրույթներ ներկայացնում են, սակայն փոխադարձ մեղադրանքներ ավելի շատ են հնչում: Այս իրավիճակում քաղաքացու ընտրությունն է դժվարանում՝ չնայած որոշ վերլուծաբաններ պնդում են՝ հանրությունը կողմնորոշված է:

Ինչո՞ւ պետք է ընտրեն Դաշնակցությանը. մարդիկ հիշում են, որ այս ուժը մեկ կոալիցիա է կազմում, մեկ՝ դուրս է գալիս, մեկ էլ՝ Փաշինյանի կառավարության մաս կազմելով՝ խորհրդարանում այս ուժի ներկայացուցիչ 3 պատգամավորներ այս օգոստոսին միացել էին Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին:

«Առավոտի» հետ զրույցում Հայ Յեղափոխական Դաշնակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանն այս առնչությամբ ասաց. «Դաշնակցության տեղն ու դիրքը մեր պետականության ողնաշարն է. սա եթե սկզբունք ընդունում ենք, մնացած բոլոր հարաբերությունները՝ կոալիցիա, ընդդիմություն, սրանից պետք է բխեցնենք: Ես ցավում եմ, որ հաճախ մամուլը, նաեւ քաղաքական գործիչները մանիպուլացներով իրական տեղեկատվությունը, կեղծելով ու խեղաթյուրելով՝ սկսած նրանից, որ ներկայացվում է, թե Դաշնակցությունը շարժման նկատմամբ ի սկզբանե եղել է մերժողական, այդպիսի բան չի եղել: Խոսքը սահմանադրական կարգի պահպանման մասին էր, եւ եթե ժողովրդական շարժումը հասավ այն վիճակին, երբ այլեւս իշխանափոխությունը տարբերակ չուներ, բնականաբար, մենք, որպես կոալիցիոն գործընկեր, մինչեւ վերջ մեր պարտավորությունը կոալիցիայի ներքո կատարել ենք, բայց պահպանելով նորից Սահմանադրությունը»:

Մինասյանը թավշյա հեղափոխության օրերին Դաշնակցության դիրքորոշման մասին ասաց. «Մենք մեծ դերակատարություն ենք ունեցել արյունահեղությունը բացառելու, խաղաղ հանգուցալուծում ապահովելու եւ իշխանափոխության շրջափուլում երկրի, պետական համակարգը աստիճանաբար վերափոխելու ուղղությամբ: Դրա մասին տեղյակ են բոլորը՝ թե՛ 3-րդ նախագահը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, բայց երբեք մեզ թույլ չենք տվել մեր արածի, այդ բանակցությունների մասին հրապարակային ներկայացնել: Բայց այս մեր համեստությունն օգտագործել է մյուս կողմը, որը փորձել է ամեն գնով Դաշնակցության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել»:

Թե մյուս կողմն ո՞վ է՝ այս հարցին ի պատասխան Մինասյանը անուններ չտվեց, ընդհանրական խոսեց. «Բոլոր նրանք, ովքեր չեն ուզում Դաշնակցությանը տեսնել պետականության դիրքերում, բոլոր նրանք, ովքեր իրենց էությամբ հակադաշնակցական են, հակահայ են: Ես այդպես եմ բնութագրում: Շատերը կան, նաեւ գործիչներ, որոնք տարբեր քաղաքական ուժերում են, նաեւ քաղաքացիներ, որոնք ենթարկվում են այս ապատեղեկատվությանը»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության հետ Դաշնակցության աշխատանքին, Մինասյանն ասաց. «Ոչ թե մենք ենք գնացել խնդրել, ասել՝ մեզ կընդունե՞ք աշխատանքի: Ո՛չ: եղել է առաջարկություն, որ այդ դրական էներգիան համատեղ կարողանանք վերածել կոնկրետ գործողությունների: Այնպես որ՝ երբ մենք հղում ենք կատարում ժողովրդի հիշողությանը, բերեք մինչեւ վերջ հղում տանք եւ դրանից մաքրենք այն կեղտն ու ապատեղեկատվության մանիպուլյացիան, որ ժողովրդի մեջ Դաշնակցությանը ներկայացվել է իբրեւ «բոբո»: Չկա այդպիսի բան»:

Մինասյանը վստահ է՝ Դաշնակցությունն այս ընտրություններում հաջողություն է ունենալու, հետեւաբար խորհրդարանում պատգամավորներ է ունենալու:

Գնահատելով Փաշինյանի կառավարության գործունեությունը եւ հնչող քննադատությունները, ասենք՝ ներդրումները նվազել են, Մինասյանը դրանք անընդունելի է համարում: ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով՝ «Չեմ ընդունում բոլոր այն անձանց գնահատականները, որոնք 5-6 ամսում ակնկալում էին, չգիտեմ, մի ինչ-որ հրաշք: Ի սկզբանե սխալ մոտեցում է, որ միանգամից ակնկալում ես, թե ամեն ինչ կտրուկ կփոխվի: Բայց շատ կարեւոր բան կա՝ նաեւ տեղեկատվությունը պետք է ճիշտ ներկայացվի: Տեսեք, խոսում ենք ներդրումներից, բայց նրանք, ովքեր բացասական են գնահատում ներդրման հարցը, նրանք ներդրում հասկացությունը մինչեւ խորքը չգիտեն` որն է: Երեւի սխալ ձեւակերպեցի, ոչ թե չգիտեն՝ որն է, այլ առնվազն մեթոդաբանական մակարդակով երկուսի ասածներն էլ տարբեր են: Ինչ բան է ներդրումը, եւ որն է չափորոշիչը, որով պետք է չափվի ներդրումը: Վերցնում են ֆինանսական հոսքերը, խառնում են ներդրում հասկացողության հետ ու սկսում են տեղեկատվական մանիպուլյացիան: Մեկը հայտարարում է՝ 11 անգամ անկում է, չկա այդպիսի բան: Զուտ հոսքերի նվազման մասին է խոսքը: Ճշմարտությունը պետք է մինչեւ վերջ ասել: Այո, կան նաեւ ոլորտներ եւ տեղեր, որտեղ պետք չէ ագրեսիվության այդ աստիճան, որովհետեւ դա կբերի շատ վատ հետեւանքի, նույն ներդրումների մասով՝ ապագայում ներդրումների նվազմանը: Եվ կան ոլորտներ, որտեղ կարելի էր արագացնել գործողությունները: Ներդրումային օրենսդրության ընդունումը անհրաժեշտ է մեր երկրին, որքան շուտ ընդունենք, այնքան լավ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31