Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես վարվել, երբ վատ մտքերը գալիս են ու խանգարում ձեր առաջընթացը

Դեկտեմբեր 06,2018 12:30

Զգույշ մնացեք, թե դուք ինչ եք մտածում, որովհետեւ ձեր մտքերը ղեկավարում են ձեր կյանքը: Առակաց Գրքում Աստուծո Խոսքն ասում է. «Ամենայն զգուշությամբ պահի՛ր եւ պահպանիր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կյանքի աղբյուրը»: Առ. 4:23:

Մարդկանց մեծամասնությունն այս կյանքում չի կարողանում ունենալ այն, ինչ իրենց իսկապես պետք է, որովհետեւ նրանք ավելի շատ կենտրոնանում են բացասական բաների վրա, քան դրական: Նեգատիվ մտքերը վնասում են ձեր իրական առաջընթացը: Իրականում ամեն մարդու պետք է խաղաղություն, լույս, սեր, հաղորդություն Աստուծո հետ, բայց չար մտքերը մեր վրա բերում են կրքեր ու անհագ ցանկություններ ու մենք ընկնում ենք փուչ բաների ետեւից: Մրցում իրար հետ, թե ով ավելի շատ ունի, ով ավելի մեծը կունենա ու այս չար շղթային դադար չկա: Վատ մտքերը միշտ գալու են, հարձակվելու են, բայց ձեզանից է կախված՝ կընդունեք դրանք, թե կմերժեք:

Երբ վատ մտքերը գալիս են ձեր վրա, առաջին բանը, որ պիտի անել՝ դրանք մերժելն է: Հենց այդպես պարզ: Այդ մտքերը ձեզանից չեն, չարից են գալիս, եթե մերժեք, կգնան, բայց եթե հետաքրքրվեք, սկսեք տալ ու առնել, փորփրել, մտահոգվել, ապա դրանք աստիճանաբար կիջնեն ձեր հոգու խորքերը ու լավ կտեղավորվեն: Հետո այդ կպչուն մտքերը հեռացնելը կդառնա ահավոր դժվար ու տասնամյակների գործ: Բոլորդ էլ երեւի ապրել եք պահեր, երբ որտեղից որտեց բաներ են գալիս հիշողության մեջ, որոնց հետ դուք առնչվել եք, ասենք՝ 10 տարի առաջ ու այդ հիշողությունները տխրեցնում են ձեր հոգին ու քցում ձեր տրամադրությունը:

Երբ վատ մքերը գալիս են, միանգամից մերժեք դրանց ու անմիջապես օգնություն կանչեք մեր Փրկչին՝ Քրիստոսին: Ասում եմ Քրիստոսին, որովհետեւ ուրիշ ոչ մեկը չի կարող դրանցից ձեզ ազատել: Բացի Քրիստոսից, պատմության մեջ չկա որեւէ մեկը, որը նույնիսկ խոսք տված լինի մեզ ազատել չարից:

Ուրեմն, երբ վատ մտքերը գան, միանգամից Տեր Հիսուսի օրինակով ասեք՝ «ետեւս անցի սատանա» (Մթ. 16:23), ես չեմ ընդունում այս չար մտքերը, ու անմիջապես դիմեք Տեր Հիսուսին ու ասեք, «Տեր Հիսուս, ես համաձայն չեմ այս մտքերի հետ: Ես չգիտեմ սրանք որտեղից են գալիս, բայց ես համաձայն չեմ այս չար մտքերի հետ ու մերժում եմ սրանք: Խնդրում եմ օգնիր ինձ վանել այս չար մտքերը»:

Հավատացեք, վայրկյանների ընթացքում չար մտքերը վանվում են: Որեւէ չար բան ձեր վրա չի կարող գալ, եթե դուք դրանց կամավոր ներս չթողնեք: Առանց Աստուծո արտոնության, որեւէ չար բան ձեզ չի կարող դիպչել, եթե դուք ինքներդ դրանց ներս չթողնեք:

Չար մտքերը ձեզնից չեն ու գալիս են ձեր վրա: Բայց եթե դուք դրանք մերժեք ու խնդրեք Տեր Հիսուսի օգնությունը, ապա դրանք անմիջապես հեռանում են: Հետո էլի կգան: Բայց պետք է էլի մերժել ու դիմել Քրիստոսին՝ օգնության համար: Սա հոգեւոր պայքար է, ու մենք այդ պայքարի մեջ ենք, ուզենք թե չուզենք: Դրա համար Աստված մեզ հորդորում է արթուն մնալ ու հսկել մեր անձերի վրա:

Իսկ այս պատերազմի մեջ դուք հարձակման անցեք ու ձեր անձերը պաշտպանեք՝ հագնելով Աստուծո ամբողջ սպառազինությունը:

Պողոս առաքյալը, ով շատ լավ գիտե այս հոգեւոր պատերազմը, գրում է, «եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք» (Փլպ 4:8): Տեսնո՞ւմ եք, եթե մենք միշտ մտածենք բարի բաների մասին, աստվածային բաների մասին, ապա մեր մտքում ու հիշողության մեջ չար բաների համար տեղ չի մնա:

Ուրեմն մերժեք ամենայն չար միտք, դիմեք մեր Փրկչի օգնությանն ու մտածեք միայն բարի ու առաքինի բաների մասին:

Աստված օրհնի ձեզ ու բարի օր:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ինչպես գտնեմ այս նյութը հրապարակողին, նա հոգևորակա՞ն է։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31