Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան

Դեկտեմբեր 06,2018 13:00

«Առավոտը» 28.05.2014թ. համարում ներկայացրել էր «Ոսկե ծիրան» 10-րդ փառատոնի շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացրած կինովավերագրող Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմը: Այն պատմում է, թե ինչպես հանգամանքների բերումով մի «բարի քեռի» հայտնվում է բացառիկ երաժշտական ունակություններով օժտված 5-ամյա երեխայի կյանքում եւ այդ պահից «ձեռքից բռնած» «բարձրացնում» վեր: Այդ տաղանդավոր երեխան Առնո Բաբաջանյանն էր, իսկ «բարի քեռին»՝ Արամ Խաչատրյանը: Սցենարը զարգանում է այնպես, որ տեսնում ենք, թե ինչպես մեր օրերում մեկ այլ տաղանդավոր երեխայի կյանքում «բարի քեռի» չի հայտնվում…

Ռեժիսորը երկար փնտրտուքից հետո Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում «գտել» էր պատանի դաշնակահար Մարտին Շահբազյանին եւ զուգահեռներ անցկացրել նրա ու Բաբաջանյանի մանկության միջեւ, իսկ զուգահեռներն ակնհայտ են. երկուսն էլ 5 տարեկանում դաշնամուր չեն ունեցել եւ պատուհանագոգն են օգտագործել իբրեւ դաշնամուր, երկուսն էլ, ինչպես նշվում է ֆիլմում, անառարկելի տաղանդավոր են, շատ են սիրում ֆուտբոլ եւ շախմատ խաղալ, երկուսն էլ 12 տարեկանում երաժշտական մրցույթում լավագույնն են ճանաչվել… Միայն մեկ տարբերություն կա՝ Առնոյին Խաչատրյանը նկատում է Երեւանում, իսկ Մարտինը ապրում էր Մոսկվայում, «բարի քեռիներից» աննկատ: Մի տարբերություն էլ կա՝ Առնոն մասնակցում էր միայն Խորհրդային Միությունում անցկացվող մրցույթներին, իսկ Մարտինը՝ նաեւ միջազգային:

Այսօր, երբ Մարտին Շահբազյանը ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում (պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի դասարան), հայտնվեց «բարի քեռի»՝ հանձին կոնսերվատորիայի. նա առաջին ուսանողն է, որը ERASMUS+ ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակում երեքամսյա դասընթացների է մասնակցել Ֆինլանդիայի Տուռկու քաղաքի կիրառական գիտությունների համալսարանում (TUAS): Ի դեպ, այս գարնանը հիշյալ ծրագրով Ֆինլանդիա էր մեկնել թավջութակահար, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Թալալյանը:

Հայ դաշնակահարը TUAS-ում ուսանող դաշնակահարների հետ:

Մարտին Շահբազյանին խնդրեցինք ներկայացնել, օրինակ՝ մեր կոնսերվատորիայում եւ Տուռկուի համալսարանում ուսուցման նմանություններն ու տարբերությունները: «Մեծ հաշվով՝ միջազգային մասնագիտական փորձառություն ձեռք բերեցինք: Դասընթացներին ներկա էր շուրջ 200 ուսանող, փոքր-ինչ չափազանցված ասեմ՝ ողջ աշխարհից: Միակ երաժիշտը ես էի: Մշակույթի ոլորտից ընդամենը 5-6 ուսանողներ էինք՝ քանդակագործ, լուսանկարիչ եւ այլն: Այդ համալսարանում ուսանողների համար ստեղծված էին բարենպաստ բոլոր պայմանները՝ լսարաններ, գրադարաններ, դահլիճներ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մեծ հաշվով՝ տեղի դասախոսական կազմի եւ ուսանողների պատրաստվածությունը ոչնչով չէր զիջում մեր կոնսերվատորիայի մակարդակին: Այլ խնդիր է, որ այնտեղ պայմաններն ու նյութատեխնիկական բազան առավելագույնս հարմարեցված են ուսանողների հարմարավետությանը: Օրինակ՝ երբ ցանկանում ես՝ ազատ ելումուտ կարող ես անել մասնագիտական դասարաններում եւ որ ամենակարեւորն է՝ այդ առումով ոչ մի խառնաշփոթ չի ստեղծվում»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իր ուսուցման ընթացքին, նշեց, որ սովորել է ճանաչված երաժիշտ Յուկկա Յուվոնենի դասարանում, հավելելով, որ ֆինլանդական բուհում գրաֆիկը ազատ էր, ուսանողն ինքն է ընտրում շաբաթվա ընթացքում քանի օր եւ քանի ժամ է հարկավոր իրեն գիտելիքներ «հավաքելու» համար: Ընդ որում, հավաստիացրեց նաեւ, թե ծրագրին մասնակից ուսանողը ինքն է ընտրում իր դասախոսին: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ինքն ընտրեց իրեն հավանաբար անծանոթ Յուկկա Յուվոնենին, Մարտին Շահբազյանը պատասխանեց. «ERASMUS+ ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայից այս տարի մեր կոնսերվատորիայում էր դասախոս, թավջութակահար Էռկկի Լահեսմանը, որի հետ շփվեցի պրոֆեսոր Արամ Թալալյանի միջոցով: Հենց պրոֆեսոր Լահեսմանն էլ խորհուրդ տվեց ինձ ընտրել Յուվոնենին»:

Դիտարկմանը, թե նման ծրագրերի, միջազգային մրցույթների կամ վարպետության դասընթացներից հետո լավագույններին արվում են շահավետ առաջարկներ, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Վարպետության դասեր եմ վերցրել ճանաչված պրոֆեսոր Էրիկ Տավաշեռնայից: Նա հեղինակավոր տարբեր մրցույթների ժյուրիի կազմում է լինում՝ հաճախ որպես նախագահ, այդ թվում՝ Չայկովսկու, Քլայբերնի անվան եւ այլն: Նա ինձ հրավիրեց Հելսինկիում Սիբելիուսի անվան ակադեմիա՝ սովորելու իր դասարանում… Նշեմ նաեւ, որ ծրագրի վերջում ունեցել եմ մենահամերգ, ինչի հնարավորությունը ոչ բոլորին է տրվում: Իսկ այն կայացավ Ֆինլանդիայի հեղինակավոր Sigyn համերգասրահում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.12.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31