Հանրայինով հեռարձակվող բանավեճի ժամանակ, որին մասնակցում էին քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերի ղեկավարները, անդրադարձ եղավ նաեւ անցումային արդարադատությանը: Ներկայացնում ենք բանավեճից մի կտոր՝ առանց խմբագրման:
Նիկոլ Փաշինյան («Իմ քայլը» դաշինք)– Հաստատում եմ անցումային արդարադատության եւ դատաիրավական լրջագույն բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը եւ հաստատում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում եւ նաեւ անցումային արդարադատության գործիքների կիրառման արդյունքում երկրից եւ ժողովրդից թալանված գումարները պետք է հետ բերվեն եւ առաջին հերթին ծառայեցվեն մեր զինված ուժերի զարգացմանը, որովհետեւ մեր զինված ուժերը 2018 թ.դրությամբ, վերջին տասը տարիների ընթացքում կորսվել են եւ վերջին տարիների ընթացքում կորսվել է ռազմական այն փխրուն բալանսը, որ գոյություն է ունեցել, Ադրբեջանի հետ առաջնային խնդիրը այդ ռազմական բալանսը վերականգնելն է:
Արմեն Ռուստամյան (ՀՅԴ)– Անցումային արդարադատությունը նուրբ հարց է եւ պետք է շատ զգույշ լինել, եթե մտածում ենք դա իրականացնել, ապա դա երբեք չպետք է փոխարինի արդարադատությանը, երբեք չպետք է դատարաններին փոխարինի, որ հիմա էլ նոր Տրոյկաներ չունենանք: Բայց մեզ համար ավելի կարեւոր է այն , թե ինչ շրջան է ընդգրկելու՝ այդ անցումային արդարադատությունը, եթե դա սկսվելու է Անկախությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների քննարկումով, շատ ընդունելի է մեզ համար, որովհետեւ մենք հարցեր ունենք հենց այդ ժամանակ, մեր ղեկավար Հրայր Մարուքյանին արտաքսեցին 92 թվականին, Դաշնակցությունը, որպես կուսակցություն փակվեց, բանտարկվեցին մարդիկ, թերթեր փակվեցին, դրանով զբաղվելո՞ւ է անցումային արդարադատությունը, չլինի նորից ընտրովի լինեն շրջանները…
Նիկոլ Փաշինյան– Այո, իհարկե…
Վիգեն Սարգսյան ( ՀՀԿ)– Այսօր գաղտնալսում հրապարակվեց, եւ նորությունն այն էր այսօրվա, որ անցումային արդարադատություն ունենք, որն անցնում է ԱԱԾ տնօրենի միջոցով դեպի ՀՔԾ պետ ու վարչապետ, Տրոյկան ոնց որ թե ձեւավորված է, եւ որոշում է կայացվում, թե ով պետք է նստի, դատարանը ինչ պետք է որոշի, պարզվեց, որ դատավորն այնուամենայնիվ զանգել է…
Նիկոլ Փաշինյան– Եթե այդպիսի բան լիներ, ձեր կուսակցության մեծ մասը նստած կլիներ
Վիգեն Սարգսյան-Այնուամենայնիվ շատ տհաճ էր…
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ