Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը անվճար հիվանդանոցներ ստեղծելու մասին. «Անվճար բուժծառայության համար ինչ-որ մեկը պետք է վճարի»

Դեկտեմբեր 05,2018 23:54

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ավանդույթ է դարձնում բուժաշխատողների եւ հասարակության հետ հանդիպումները, որի ընթացքում անմիջական շփման միջոցով քննարկվում են մասնագիտական ու ոլորտի հետ առնչվող բազմաթիվ հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը խոսքն սկսեց այսպես. «Առաջին անգամ հանդիպել էինք, երբ նոր էի նշանակվել: Անսովոր էր: Հիմա ավելի հանգիստ եմ զգում: Քարոզարշավը շատ բան է սովորեցրել: Բայց ուզում եմ, որ հիմա սկսենք առանց նախաբանի՝ դուք հարցեր տաք, իսկ ես պատասխանեմ»:

Հարցերն իսկապես բազմազան էին, սկսած բուժհիմնարկներում աշխատանքների կազմակերպումից ու բաշխումից, դեղերի ներկրումից, վերջացրած քաղաքացիների անձնական խնդիրները, որոնց Արսեն Թորոսյանը տվեց հնարավորինս հիմնավոր ու մանրամասն պատասխաններ:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում  պետպատվերով բուժման նվազ արդյունավետությունը վերացնելու եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում տեղ գտած Երեւանում՝ առնվազն երկու, իսկ մարզերում՝ մեկական անվճար հիվանդանոցներ ունենալու գաղափարի մասին: «Երեւանում հինգ, մարզերում՝ առնվազն երկուական այդպիսի հիվանդանոց է պետք: Իսկ եթե ավելի լուրջ՝ բժշկական ծառայությունների համար ինչ-որ մեկը պիտի վճարի անկախ այդ հիվանդանոցի անունից, հիմնողից եւ այլ հատկանիշներից: Այդ հայտարարությունը սովորական պոպուլիզմ է: Մեր ունեցած մարզային հիվանդանոցները ունեն թե պետպատվերով, թե վճարովի ծառայություններ, կան ապահովագրության միջոցով իրականացվող ծառայություններ, ինչպես ամբողջ աշխարհում է:

Եթե նույնիսկ որեւէ տեղ կա հիվանդանոց, որտեղ պացիենտը չի վճարում, վճարում է որեւէ այլ մարմին: Դա կլինի պետությունը, «Ծառուկյան հիմնադրամը» կամ մեկ ուրիշը: Եթե կա այդ վճարողը, կարելի բացել այդ հիվանդանոցը եւ բոլորովին անվճար ծառայություն մատուցել: Բայց պետության դերը դա չէ, այլ այն, որ անկախ անձերից, լինեն ֆինանսավորման ճիշտ մեխանիզմներ, որոնք անձի համար աղետալի միանվագ ծախսերը կհասցնեն մինիմալի»:

Այսինքն, ունես հիվանդություն, գնում ես հիվանդանոց եւ անկախ նրանից, ունես հնարավորություն թե ոչ, բուժումն ստանում ես: Պետությունը ապահովում է այն մեխանիզմները, որ դու մինչեւ հիվանդանալը եւ հիվանդությունից հետո կամ ինքդ ես վճարում այդ ժամանակահատվածում ստացած բուժման համար, կամ եթե դու սոցիալապես խոցելի ես, պետությունն ասում է՝ ես ինքս կվճարեմ: Այլ մեխանիզմ չկա: Մենք այս պահից սկսած գնալու ենք պետպատվերի հասցեականության ավելացումով, քանի դեռ ապահովագրությունը չի ներդրվել: Իսկ ապահովագրությունը ներդնելով՝ փոքր գումարները աստիճանաբար վճարելով՝ մարդը ապահովում է ամբողջ կյանքի ընթացքում կյանք փրկող պրոցեդուրայի հասանելիությունը»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31