«Խորհրդարանում պետք է լինեն տարբեր մասնագիտությունների մարդիկ, որոնց մի մասը կլինի փորձառու: Տարիներ շարունակ հնարավորություն չի եղել իշխանությունը փոխել, ուստի թեկնածուների մի մասն անփորձ է: Ես դա բացասական չեմ գնահատում, հակառակը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական մրցակիցների այն քննադատությանը, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում անփորձ երիտասարդներ են, ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները ոչ թե ծրագրային պայքար են տանում մրցակիցների հետ, այլ խորհրդարան անցնելու հույսեր են կապում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, Լիլիթ Մակունցը նկատեց. «Այո, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ մեծ դեր է կատարում՝ հաշվի առնելով տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, բայց, միաժամանակ, մեր ծրագրային դրույթները եւ արժեքները հստակ են»:
Հետաքրքրվեցինք՝ Փաշինյանի օգտագործած հայտնի արտահայտությունները՝ «կփռենք ասֆալտին», «կտանք պատերով», որոնք(եւ ոչ միայն) ՀՀԿ-ն որակեց որպես ատելության խոսք, արդյոք չե՞ն ստվերում քաղաքական պայքարը: «Քարոզարշավի այս փուլը բոլորի համար բավականին էմոցիոնալ է: Բոլորին հասկանալի է, որ այդ արտահայտությունները փոխաբերություններ են եւ ուղիղ իմաստով չեն գործածվում: «Ասֆալտին փռելը» նշանակում է միայն, որ պատասխանը տրվելու է օրենքի ուժով, ոչ թե ֆիզիկական կամ անձնական հաշվեհարդարով»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
հմմմ… ուրեմն այդ է նշանակում «ասֆալտին փռելը»…
կարգին բանաստեղծ է, չըսե՞ս, վարչապետը
Մշակոյթը ուրեմն ոչ միան քու, այլ ձեր բոլորին մէջն է… կամաց-կամաց կը սովորեցնէք մեզ, հա՞… շատ մերսի…