Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Հ. Ն.-ի դատավարության երկրորդ նիստը: Նա մեղադրվում է այն բանում, որ գտնվելով 2 տոկոս ալկոհոլի ազդեցության տակ,նպատակ ունենալով խոչընդոտել ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչներ Ա. Օհանյանի եւ Կ. Ուլիխանյանի օրինական գործողությունները, 2018թ. օգոստոսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչների օրինական պահանջներին, Ա. Օհանյանի կյանքի եւ առողջության համար գործադրել է վտանգավոր բռնություն՝ մետաղյա լինգով հարվածել է նրա աջ ուսահոդին եւ գլխի ծոծրակային շրջանին, պատճառել առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածք:
Հ. Ն.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ» ): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ