Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որևէ մեկն ինձ ասի, թե Թբիլիսին ավելի գեղեցիկ քաղաք է, քան Գյումրին, ես կապացուցեմ, որ հակառակն է»․ Արմեն Սարգսյան

Դեկտեմբեր 05,2018 22:22

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գյումրեցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր այցը Գյումրի կապված չի լինելու որևէ ուրախալի կամ ցավոտ օրվա հետ, ինքն առանց առիթի, հաճախակի իր ընտանիքով լինելու է Գյումրիում, գալու է, գիշերելու է, մի անգամ թանգարան է գնալու, մյուս անգամ համերգ ու օրինակ է հանդիսանալու մյուսների համար։

Ըստ նախագահի, եթե իր օրինակով մյուսներն էլ այցելեն Գյումրի, ապա գործարարը կհասկանա, որ Գյումրիին ռեստորան, հյուրանոց և այլ լրացուցիչ ծառայություններ են պետք, այսպիսով քաղաքում շարժ կլինի։

«Գյումրին մեր ժողովրդին և համաշխարհային մշակույթին տվել է հսկայական անուններ։ Ես այսօր գնացի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, դուրս եկանք, 30 մետր քայլեցինք Ավետիք Իսահակյանինն է, 30 մետրի վրա Հովհաննես Շիրազինը։ Շարունակես այսպես, անընդհատ մշակութային մի հսկայից մյուսին ես այցելում։ Այս քաղաքը ոգի ունի, վարպետների քաղաք է եղել։ Խորհրդային Միությունում շատ հայտնի ֆիլմ կար, կոչվում էր «Գոռոդ մաստեռով», հեքիաթ էր իրականում, վարպետները միջնադարում եղել են հիմնադիրները իրենց քաղաքների՝ Լոնդոնը, Փարիզը, Ամստերդամը, դրանք բոլորը եղել են վարպետների քաղաք»։

Ըստ Արմեն Սարգսյանի, Գյումրին արժանապատիվ մարդկանց քաղաք է, այն արժանի է լիարժեք կյանքի, իսկ ինքը՝ որպես նախագահ ու անհատ, փորձում է առավելագույնն անել սրա համար։

«Ես կարծում եմ, որ մեզ համար՝ որպես հայ ժողովուրդ, ուղղակի ամոթ է, որ տարեկան 30 հազարից մինչև 38 հազար այցելու լինի Գյումրիում, ես տարբեր թվեր գիտեմ, լսել եմ։ Այդ թվերն ուղղակի ամոթ են մեզ համար, շատ պարզ պատճառով, եթե այդ թվերը ճիշտ են, վրացական վիճակագրությունը ճիշտ է, դա նշանակում է, որ Վրաստան ամեն տարի Հայաստանից այցելում է 1 միլիոն կամ մեկ ու կես միլիոն կամ մեկ միլիոն 700 հազար անձ։ Մեկ միլիոն 700 հազար ու 38 հազար, եթե որևէ մեկն ինձ ասի, թե Թբիլիսին ավելի գեղեցիկ քաղաք է, քան Գյումրին, ես հետը կվիճեմ ու կապացուցեմ, որ հակառակն է։ Թբիլիսի միայն կենտրոնական մասը կա, որը վերանորոգել են և կիսահոլիվուդյան նկարներով նկարված է, իհարկե, հսկայական մշակույթ կա․ և՛ եկեղեցի կա, և՛ մզկիթ կա, և՛ սինագոգ կա, բայց վերջին տարիներին արհեստական են արել։ Ոչ մի ձևով չեմ ուզում նվաստացնել մեր վրաց բարեկամներին, բայց իրենց արածը մեզ օրինակ պիտի լինի։

Գյումրին շատ ավելի մեծ է իր պատմական հուշարձաններով, շատ ավելի գեղեցիկ քաղաք է, շատ ավելի բան է պահպանվել, և իհարկե, այս քաղաքը բնավորություն ունի, և 38 հազարն ուղղակի ամոթ է։ Հիմա, եթե 38 հազար չլիներ, գոնե 10 անգամ ավելին, 380-400 հազար, 400 հազար այցելու ստիպելու էին, և տեղացիները, և ներքին հայաստանյան ներդրողները, և սփյուռքահայերը, և օտարները, որպեսզի ներդնեն այստեղ։

Առաջ կառուցենք բոլոր փողոցները, գեղեցիկ սարքեն, հետո տուրիստը կգա, թե՞ հակառակը, սրանք զուգահեռ են գնում, նախևառաջ պետք է խոսենք նրա մասին, որ եկեք այցելենք։

Այսօրվա քաղաքը հաստատ ոչ թե 38 հազար, այլ մի քանի անգամ ավելի մարդ հանգիստ կարող է ընդունի։ Գան, այցելեն, ռեստորանները գնան, թատրոնը գնան, համերգ գնան այստեղ և ցույց տան իրենց վերաբերմունքը։ Կարող է իրենց հարսանիքն անեն, իրենց ծննդյան օրն այստեղ նշեն, երբ որ այդ շարժումը սկսվեց մարդկանց դեպի Գյումրի, բնականորեն Գյումրիում ներդնելը կդառնա շահավետ։ Վերջիվերջո կա բարեգործություն և կա իրական կյանք, որտեղ մարդիկ ներդնում, շահում են։

Եվ դրա համար պետք է, որ այդ շարժումը սկսվի․ ես մեր ընտանիքով, օրինակով փորձելու ենք ոչ միայն ուղղակի խոսել, այլ օրինակով ցույց տալ։ Ես ենթադրում եմ, որ Գյումրի հաճախ գալու եմ և ոչ թե առիթով, այլ շաբաթ, կիրակի կամ ազատ օրով գալում եմ, գիշերը մնալու եմ Գյումրիում, մի օր մի թանգարան գնամ, մյուս օր գնամ համերգ և օրինակ ցույց տամ մեր բոլոր հայրենակիցներին»։

Ըստ նախագահի, սա սկզբունք է, որը միայն Գյումրիին չի վերաբերում։

«Մեր հայրենասիրությունն այսօր պետք է ցուցադրենք՝ ճանաչելով մեր հայրենիքը, եթե Գյումրի 38 հազար մարդ է այցելում, ապա անցած տարի Արցախ այցելել է 18 հազար»։

Նախագահն ասաց, որ ինքն իր շրջապատին, ընկերներին ու դրսից եկած հյուրերին բերելու է Գյումրի։ «Գուցե կաթիլներ են, բայց կաթիլներով կարող ենք նաև փոքրիկ առվակը, հետո գետը սկսենք։ Պիտի ցույց տանք, որ Գյումրին այսօր այն տեղն է, որ արժանի է ոչ թե 38 հազար այցելուի, այլ շատ ավելիին»։

Նախագահը նաև հստակեցրեց, որ եթե ասում է՝ Գյումրի եկեք, իր կոչը միայն Գյումրի գալուն չի վերաբերում, այլ Հայաստանին։

«Երևան քաղաքի շատ բնակիչներ չեն ճանաչում Հայաստանի հարավը, Մեղրի, Քաջարան, Գորիս և այլն, կամ վերցնում ենք Սևանը, հիմնականում մենք ճանաչում ենք Սևանի մի շատ փոքր կտորը, և եթե Սևանի շուրջը փորձենք պտտվել, հսկայական մասը Սևանի ուղղակի ամայի է, որովհետև մարդիկ նույնիսկ չեն գնում, և էդ ամայի մասերն ավելի գեղեցիկ են, քան մնացածը։ Իմ ասածն է՝ եկեք նորից հայտնաբերենք, հայտնագործենք մեր հայրենիքը, և դա նախևառաջ պետք է սկսվի հայաստանցիներից։ Եթե հայաստանցիները չեն գալիս Գյումրի, Լոռի կամ Գորիս կամ Կապան, ինչպե՞ս են ուզում, որ սփյուռքահայերը գնան կամ հնդիկները կամ ճապոնացիները գնան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31