Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով:
Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցմանը և ամրապնդմանն ուղղված ջանքերը և գրանցած առաջընթացը: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հանգրվանային էին: Հուսով ենք, որ 2019թ. նախագահական ընտրություններն առավել կնպաստեն Աֆղանստանում քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդմանը:
Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացը լինի կայուն և, որ ամենակարևորն է, անդառնալի։ Անվտանգությանն առնչվող վերջին միջադեպերը մեզ հիշեցնում են մարտահրավերների մասին, որոնց առերեսվում է Աֆղանստանը։ Դրանք ընդգծում են ահաբեկչության արատն արմատախիլ անելու և այն պարարտ հողից զրկելու ուղղությամբ համադրված գործողությունների անհրաժեշտությունը։ Արդյունավետ, պրոֆեսիոնալ և ինքնապաշտպան աֆղանական ուժերը շարունակում են կարևոր դեր խաղալ երկրում անվտանգություն ապահովելու գործում։
Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունն Աֆղանստանի կողմից ղեկավարվող և Աֆղանստանի կողմից տարվող ներառական խաղաղության գործընթացին և ընդգծում, որ բանակցային ճանապարհով քաղաքական հանգուցալուծումը հակամարտության տևական և կայուն կարգավորման միակ ճանապարհն է:
Հայաստանը շեշտում է խաղաղության գործընթացում կանանց ընդգրկման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի։ Մենք ողջունում ենք Հաստատակամ աջակցության առաքելության շրջանակներում Գենդերային խորհրդատուի ներգրավումը՝ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Աֆղանական անվտանգության ուժերում կանանց անվտանգ և իմաստալից ներգրավումը։
Աֆղանստանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են առաջին հերթին աֆղան ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ այն նաև փորձության է ենթարկում միջազգային հանրության կարողությունը՝ միասնաբար արձագանքելու անվտանգության մարտահրավերներին։
Հայաստանն աջակցում է Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին սկսած 2010թ. փետրվարից՝ նախ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF), ապա «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ որպես խաղության հաստատման գործողություններում գործընկերության լավագույն օրինակ: Մենք շարունակելու ենք սատարել Աֆղանստանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին: 2018թ. հուլիսին՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովում Հայաստանն արդեն վերահաստատել է, որ 2019 թվականին հայկական զորախումբը մինչև 130 զինծառայողով կշարունակի կատարել իր պարտականությունները «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:
Երկու շաբաթ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այցելեց Աֆղանստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելեց հայկական զորախումբ։ Աֆղանական ժողովրդի համար ապահով և անվտանգ ապագայի կառուցման ուղղված ջանքերի շարունակումը Հայաստանի կառավարության օրակարգային կարևոր հարցերից է»։
«Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մեկնարկել է Աֆղանստանի կառավարության հրավերով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2014թ. 2189 բանաձևի համաձայն:
ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«կանանց ընդգրկումը»… վտանգաւոր պատկեր է… ֆեմինիստները չեն բողոքո՞ւմ…