Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Գյուլբուդաղյանց. «Բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»

Դեկտեմբեր 05,2018 21:03

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առանձին-առանձին վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում մեր մրցակիցներին, ինչպես նաև անդրադարձել է J խմբի խաղացանկին:

Իտալիայի մասին – Ինչպես արդեն նշել էի, մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելույթները վերջին շրջանում, մասնավորապես, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը և Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է: Մենք իտալացիների հետ մրցել ենք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում և կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաև Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և այլն: Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է:

Բոսնիայի և Հերցեգովինայի մասին – Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում և պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում և հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք, անպայման, շտկել իրավիճակը:

Ֆինլանդիայի հավաքականի մասին – Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի: Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքևում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ:

Հունաստանի հավաքականի մասին – Հույներն Ազգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ միևնույն խմբում և փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը:  Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր:

Լիխտենշտեյնի հավաքականի մասին – Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ:  Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է և հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկրկնել նախորդ անգամվա սխալները:

Ընդհանուր առմամբ, խմբի մասին – Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել,  բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է և պետք է պայքարել:

Խաղացանկի մասին – Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երևանում՝ մրցելով, օրինակ` Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից ևս բողոքելու տեղ չունենք: Շատ կարևոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին: Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31