«Իմ քայլը» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկվող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու Հայկանուշ Բեգլարյանի նախընտրական պաստառները պատռել են: Դա կատարվել է Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում: Նա մեզ հայտնեց, որ իր պատկերով նախընտրական գրեթե բոլոր պաստառները պատռել են:
Այսօր տեսանք, որ միջպետական ավտոճանապարհի եզրին, Նոյեմբերյանի հացի գործարանի տարածքին կից հենապատի վրա փակցված Հայկանուշ Բեգլարյանի պատկերով թվով 3, կողք-կողքի պաստառները պատռված էին:
Հ. Բեգլարյանը մեզ հայտնեց, որ Իջեւան քաղաքում իր նախընտրական մեծ պաստառը անհայտ անձինք տեխնիկայի օգնությամբ հանել են:
Նա ասաց, որ ինքը դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հանդիպման ժամանակ նրան հայտնել է իր պաստառները պատռելու մասին: Պատգամավորության թեկնածուն հայտնեց, որ նախընտրական այս շրջանում որոշ թեկնածուների համար վարչական ռեսուրս է օգտագործվում:
Հայկանուշ Բեգլարյանը ծագումով սահմանամերձ Ոսկեպար գյուղից է, նա 1989-94թթ. որպես բուժքույր կամավոր մասնակցել է Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին 1992-ին Բարեկամավան գյուղի պաշտպանական մարտի ժամանակ վիրավորվել է աջ ոտքից, արկի պայթյունից ստացել ուղեղի ցնցում: 2017թ. նա «Ելք» դաշինքից առաջադրվել է Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, նույն թվականին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ որպես «Ելք» դաշինքի վստահված անձ: Նա հենց սկզբից ակտիվորեն մասնակցել է «Իմ քայլը» շարժմանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ». Ի դեպ, պատռվել է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Էդուարդ Շարմազանովի նախընտրական պաստառը: Այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: