Այսօր Սիսիան քաղաքում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի էին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր ելույթում անդրադառնալով իշխանության որոշ ներկայացուցիչների՝ զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքին, ասաց. «Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել եւ բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»:
Հրանտ Մարգարյանն իր ելույթում նաեւ ասաց.«Արցախյան ազատամարտի ֆոնին ինչքան մարդ է եկել իշխանության եւ հեռացել: Ինչքան մարդ է եկել իշխանության եւ գալուց հետո հիմնականում ունեցել մեկ նպատակ` ձերբազատվել Ղարաբաղի հարցից: Ընդունում եմ` մեր մեջ չկա մի հայ, որ չուզենա, որ Ղարաբաղը մերը լինի: Չկա այդպիսի բան: Բայց ով ինչ գին է պատրաստ վճարել, որ Ղարաբաղը մերը լինի: Դա է ամենահիմնական հարցը: Ի՞նչ ես պատրաստ անել, որ Ղարաբաղը մնա հայկական, մնա մերը: Սրա մեջ է ամբողջ հարցի գաղտնիքը: Ոչ թե այն, որ մի մասը լավ հայ է, մի մասն էլ` վատ: Ո՛չ: Մտածողության, աշխարհայացքի հարց է:
Մեկ այլ առիթով ասել ենք` ով Ղարաբաղի հարցով պարզ եւ հստակ չի խոսում, պարզ եւ հստակ չի ասում` ո՞րն է Ղարաբաղը, ի՞նչ հարցով ենք պատրաստ բանակցել, ինչի՞ համար ենք պատրաստ բանակցել, եթե ինչ-որ խուճուճ բառեր է օգտագործում, «եթե»-ներ է օգտագործում, չհավատաք նրան, որովհետեւ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք այն մեծ զոհերի գնով ենք ձեռք բերել: Այդ նույն Ղարաբաղի համար հենց այս քառօրյա պատերազմին տվեցինք թանկագին զոհեր: Եվ պարզ է` Ղարաբաղն ինքնորոշված է, անկախ է, հայկական է, Ղարաբաղը Սահմանադրությամբ ճշտել է իր սահմանները, այդ սահմաններով է, որ հայկական է: Այդ սահմաններով է, որ մերն է, ու վե′ րջ: Դաշնակցությունը բանակցելու ոչինչ չունի նրա հետ, ով չի ընդունում այս փաստը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ