Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-Է» տեսակի ցամաքային հրթիռային համալիրի մատակարարումը խափանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Ռուսաստանի զինվորականները համարել են, այդ համալիրի հրթիռների անգամ արտահանման համար նախատեսված ձևափոխված տարբերակը կարող է պոտենցիալ սպառնալիք լինել Ռուսաստանի տարածքային ջրերում գտնվող Կասպիան նավատորմի համար «Բալ» տեսակի համալիրների դիվիզիա գնելու՝ ադրբեջանցի զինվորականների պատրաստակամության մասին տեղեկատվությունը առաջին անգամ հայտնվել է 2014թ., երբ Աստանայում տեղի ունեցած KADEX ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդեսում համալիրների արտադրող «Տեխնիկական հրթիռային սպառազինում» կորպորացիան ներկայացրեց այդ զինատեսակը: Հետաքրքրությունը տրամաբանական էր թվում, քանի որ Ադրբեջանը վաղուց հետաքրքրվում էր այնպիսի հրթիռային համալիրներով, որոնք կարող էին պաշտպանել իր Կասպիական մասի ցամաքային հատվածը: Օրինակ, Ադրբեջանի զինվորականներին հետաքրքրում էր «Յախոնտ» տեսակի հականավային հրթիռով «Բաստիոն» տեսակի առափնյա հրթիռային համալիրը, սակայն առարկայական բանակցություններին գործն այդպես էլ չհասավ, քանի որ Մոսկվան այդպես էլ համապատասխան քայլ չարեց բանակցությունների համար:
Իսկ ահա «Բալ» տեսակի համալիրների հետ կապված թեման ունեցավ իր շարունակությունը: Կողմերն անգամ նախաստորագրել էին պայմանագիր, որը ենթադրում էր ցամաքային հրթիռային համակարգի ոչ մեծ խմբաքանակի և մի քանի տասնյակ 3Մ24 հրթիռների (Խ-35Է արտահանման տարբերակ) վերաբերյալ պայմանագրի ստորագրում, վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներինը՝ նշում է «Կոմերսանտը»: Սակայն հիմնական պայմանագրի կնքմանը գործն այդպես էլ չհասավ: Մի քանի զինվորականների խոսքով՝ դրա պատճառը եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ դիրքորոշումը, ըստ որի՝ «նպատակահարմար չէ տվյալ համակարգը մատակարարել Կասպիական նավատորմի նավերի ծովագնացության անվտանգությունն ապահովելու համար», նշում է «Կոմերսանտը»:
Նրանց խոսքով՝ հաշվարկները ցույց են տվել, որ անգամ արտահանման համար ձևափոխված հրթիռները կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել ռուսական նավերին, որոնք գտնվում են հենց Ռուսաստանի տարածքային ջրերում: «Նման փաստարկման հետ վիճելն անիմաստ էր, ուստի նախաստորագրված համաձայնությունը մի կողմ դրվեց, մեր դիրքորոշումը լսելի եղավ»,- «Կոմերսանտին» հաստատել է զինվորական պաշտոնյաներից մեկը:
Ներկայում Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումը չի քննարկվում, մեջբերելով ևս մեկ բարձրաստիճան աղբյուրի՝ հաղորդում է «Կոմերսանտը», քանի որ առկա է «բավականին նուրբ աշխարհաքաղաքական նրբերանգ»: Վերջին տարիներին Խ-35 տեսակի հրթիռների ինքնաուղղորդվող գլխիկը ձևափոխվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային նպատակների խոցման համար: «Մենք այնքան էլ չէինք ուզենա, որ այս զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ»,- նշել է նա:
«Բալ» տեսակի համալիր մատակարարելու մերժումը Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները չպետք է սառեցնի, նշում է«Կոմերսանտը»: Դեռ սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն հայտարարել էր, որ «ռազմատեխնիկական մատակարարման ոլորտում համագործակցությունը մեծ ավանդույթներ ունի», «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իրականացված պայմանագրերը գերազանցում են 5մլրդ դոլարը» և «ունեն աճի միտում»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկատվությունը հաստատելու վերաբերյալ համապատասխան հարցման պատասխանը հոդվածը գրելու պահին դեռևս ստացված չի եղել, իսկ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում և «Ռոսօբորոնէքսպորտում» մեկնաբանություններ չեն տվել:
«Բալ-Է»-ն 2008թ. Ռուսաստանի սպառազինության մեջ մտած «Բալ» տեսակի առափնյա հրթիռային համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակն է: Համալիրն ընդգրկում է ինքնագնաց հրամանատարական կապի և կառավարման մեքենաներ, ինքնագնաց արձակման կայաններ՝ Խ-35Է հականավային հրթիռներով, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ։ Նախատեսված է ջրային տարածքների, ռազմակայանների, ենթակառուցվածքների, ծովային հաղորդակցության միջոցների պաշտպանության համար, կրակի հեռահարությունը մինչև 120 կմ է, հրթիռային լրակազմը՝ մինչև 64 հատ հրթիռ։
Վերջնական պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը կլիներ երրորդ երկիրը, որն իր սպառազինության մեջ կունենար «Բալ» տեսակի համալիր: Դրա մեկնարկային պատվիրատուն պետք է լիներ Լիբիան, սակայն 2011թ. այնտեղ սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով Դմիտրի Մեդվեդևը էմբարգո մտցրեց ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար: Արդյունքում «Բալ» տեսակի համալիրներով սպառազինված առաջին արտասահմանյան պետությունը դարձավ Վիետնամը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ