Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը հրավիրել էր Կենտրոնի ոստիկանություն՝ համացանցում իր հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ բացատրություն տալու:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝«Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»:
Արդյոք կհարուցվի քրեական գործ եւ այդ սպառնալիքներն արդյոք բավարար հիմքեր պարունակում են, որպեսզի հարուցվի քրեական գործ. Aravot.am-ի այս հարցին ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ներկայումս նյութեր են նախապատրաստվում, ընթացքում պարզ կլինի՝ գործ հարուցելու հիմքեր կան, թե՝ ոչ:
Արփինե Հովհաննիսյանի բջջային հեռախոսն անհասանելի էր, եւ մեզ չհաջողվեց որոշ պարզաբանումներ ստանալ նրանից:
Նշենք, որ հանրապետական կուսակցության անդամ եւ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղն էլ ինքն է հրավիրված ոստիկանություն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ