ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի 57 հրապարակում, ԿԸՀ-ից ստացված 1, դիտորդի կողմից ներկայացված 1 հաղորդում և քաղաքացու 1 դիմում:
Նշված 60 հաղորդումներից 4-ով հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր, 36-ով կատարել ստուգողական գործողություններ:
Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ստուգվել կամ ստուգվում են նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 34 դեպք: Դրանցից 8-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 26 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ:
Նշված 26 դեպքից 5-ով ենթադրյալ իրավախախտման փաստը չի հաստատվել, ինչով պայմանավորված դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 21 դեպքի հետ կապված հանգամանքներն ստուգման ընթացքի մեջ են:
Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացվում Արմավիրի մարզի, 2-ով՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների 1-ական՝
Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերի, Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից:
ՀՀ գլխավոր դատախազություն