«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանը բլուրներ է կառուցել՝ նախահարձակ լինելու նպատակով: «Որեւէ մեկը չգիտի՞, թե ինչ է կատարվում շփման գծի երկայնքով: Նորությո՞ւն է: Ադրբեջանն օր ու մեջ հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծելու է ռազմական ճանապարհով»,-հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը, ապա նշեց,-«Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում, եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, տեղեկացնում եմ եւ ոչ միայն իրեն»:
Ինչ վերաբերում է Շահնազարյանի մեկ այլ հայտարարությանը, թե Նախիջեւանի հետ հատվածում հայկական կողմն իրականում «տարածքային կորուստներ» ունի, Փաշինյանը շեշտեց. «Նման մարդիկ խոսում են Ադրբեջանի պաշտոնական քարոզչության լեզվով: Մեր ՊՆ-ն քանիցս մեկնաբանել է դա: Պատասխանատու կերպով ասում եմ՝ բոլոր այն տարածքները, որոնք եղել են ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո: Ես մոտ տասը օր առաջ տեղում եմ տեսել իրավիճակը: Նախիջեւանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ