Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դպրոցների օպտիմալացման արդյունքում առաջացած խնդիրները

Դեկտեմբեր 05,2018 18:21

Հայաստանում 2017 թվականից սկսված դպրոցների օպտիմալացման գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ խնդիրներով, որոնք լրջագույն խախտումների ռիսկեր են պարունակում:

Չնայած նրան, որ օպտիմալացման նպատակը թերբեռնված դպրոցները միացնելու միջոցով կրթության որակը բարձրացնելն ու պետական միջոցները խնայելն է, գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում դպրոցների վերակազմակերպումն առաջ է բերել շատ ավելի մեծ խնդիրներ:

Ըստ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) ՀԿ

«ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ» զեկույցի, 2017 թվականին ՀՀ կառավարությունը, ի հակասություն նախկինում բարձրաձայնված սկզբունքների, դպրոցների օպտիմալացում՝ վերակազմակերպում է իրականացրել նաև գյուղական համայնքներում, որտեղ էլ ավելի շատ են մտահոգության առարկա դարձած խնդիրները:

Դժվարություններ ճանապարհին

Այսպես, ըստ նույն զեկույցի, գյուղական դպրոցների վերակազմակերպումը սահմանափակում է գյուղաբնակ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները, ինչպես նաև՝ նրանց համար կրթության կազմակերպման ավելի ցածր ստանդարտներ է նախատեսում (կրթության միջավայրի, ենթակառուցվածքների և այլ պայմանների առումով): Մասնավորապես, ինչպես նշվում է զեկույցում, գյուղական համայնքներում աշակերտների տեղաշարժը՝ դեպի այլ համայնքների դպրոցներ, ռիսկեր է պարունակում երեխաների կյանքի և առողջության համար: Այդ ռիսկերն առավել ակնհայտ են բարձր լեռնային շրջանների բնակլիմայական վատ պայմաններում (օրինակ՝ ձնաբքի պայմաններում փակված ճանապարհներին մնալու վտանգը): Ընդհանուր առմամբ, դպրոցների վերակազմակերպման բոլոր դեպքերում միջինում 2 անգամ աճել է սովորողների տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակը: Ուսուցիչները, որոնց աշխատավայրը փոխվել է, նույնպես ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանքի գնալու և վերադառնալու վրա:

Բացի դա, զեկույցում հետազոտված մարզային համայնքներում դպրոցի օպտիմալացման հետևանքով մի քանի ընտանիքներ տեղափոխվել են այլ համայնքներ (այդ թվում՝ արտերկիր):

Խտրականություն

ՀՔԻ-ի զեկույցում նշվում է նաև, որ հետազոտված որոշ դպրոցում եղել են տեղափոխված աշակերտների նկատմամբ խտրականության ու պիտակավորման ակնհայտ դրսևորումներ (թե՛ ուսուցիչների, թե՛ այլ աշակերտների ծնողների կողմից): Հարմարման և սոցիալական լարվածության խնդիրները, պակաս չափով, բնորոշ են եղել նաև ուսուցիչների՝ նոր կոլեկտիվներում ներառմանը: Կոնֆլիկտային իրավիճակների հիմնական պատճառը սահմանափակ ժամաքանակի վերաբաշխումն է՝ նոր ուսուցիչներով համալրված կոլեկտիվներում, քանի որ ավելի քիչ ժամաքանակների դեպքում ուսուցիչներն ավելի քիչ են վարձատրվում:

Այլ խնդիրներ

Հետազոտության արդյունքում չեն բացահայտվել դպրոցների վերակազմակերպման շնորհիվ կրթության որակի բարելավման կոնկրետ դրսևորումներ: Հակառակը, առաջացել են կրթության որակի վրա բացասաբար ազդող գործոններ, մասնավորապես՝ երեխաների ադապտացիոն խնդիրները (պայմանավորված մանկավարժական և ընկերական միջավայրի փոփոխությամբ) և նոր դասարաններում երեխաների բարձր թվաքանակը (ցածր խտությամբ դասարաններում ուսուցիչներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի): Նաև, զեկույցում ուսումնասիրված վեց դպրոցներից երեքում, ըստ շահառուների գնահատման, իրավահաջորդ դպրոցի շենքային և գույքային պայմաններն ավելի վատն են, քան՝ փաստացի փակված դպրոցի համանման պայմանները:

Հարկ է նաև նշել, որ դպրոցների վերակազմակերպման որոշումները կայացվել են ոչ ժողովրդավարական եղանակով, կրթության անմիջական շահառուների կարծիքը հաշվի չի առնվել և չի ուսումնասիրվել որոշումները նախապատրաստելիս:

Առաջարկություններ

Զեկույցի հեղինակներն առաջարկում են անհապաղ դադարեցնել ՀՀ-ում դպրոցների վերակազմակերպման ներկայիս գործընթացը:

Հեղինակների համոզմամբ, դպրոցների օպտիմալացումը պետք է լինի կրթական առավել լայն բարեփոխումների մի մասը: Դպրոցի վերակազմակերպումը պետք է դիտարկվի որպես ածանցյալ խնդիր, բազմաթիվ քայլերից մեկը՝ կրթության որակի ապահովման ավելի ընդգրկուն վերջնարդյունքին հասնելու ճանապարհին: Նաև, զեկույցի հեղինակները նշում են, որ դպրոցների վերակազմակերպման գործընթացը շարունակելու պարագայում անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել համապարփակ ծրագիր, որտեղ պատասխաններ կլինեն նաև վերը նշված խնդիրների վերաբերյալ, որտեղ գյուղական համայնքներում դպրոցների վերակազմակերպում կլինի միայն ծայրահեղ դեպքերում, իսկ յուրաքանչյուր դպրոցի վերակազմակերպման որոշմանը պետք է նախորդի դրա նպատակահարմարության, հնարավոր դրական ու բացասական հետևանքների, ռիսկերի մանրակրկիտ վերլուծություն:

Ուշագրավ է զեկույցի հեղինակների նաև այն առաջարկությունը, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է ընդունելի լինել վարչական օպտիմալացման մոտեցումը, օրինակ՝ մի քանի դպրոցներ կարող են միավորվել որպես մեկ իրավաբանական անձ՝ միաժամանակ պահպանելով յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական անձնակազմն ու կրթության կազմակերպման միջավայրը՝ դպրոցի շենքը: Այս մոտեցումը թույլ կտա բյուջեի միջոցների խնայողություն անել՝ միաժամանակ պահպանելով դպրոցների մանկավարժական կազմը:

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31