Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանի եւ Մայրապետյանի գործով գաղտնիք գիտի, բայց քննչական մարմնին խոստացել է չհայտարարել

Դեկտեմբեր 05,2018 17:42

«Հասունացավ այդ պահը եւ գլխավոր դատախազը Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությամբ մտավ Ազգային ժողով: Ես հանգիստ եմ, եւ բոլորը համոզվեցին, որ ես ճիշտ էի: Այստեղ փողի խնդիրը չէր, պրինցիպի հարց էր»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության դեկտեմբերի 3-ի հայտարարությանը, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին:

«Երբ մարդը 2008-ից խաբում է, ասում է այսինչ շենքից երկու հարկ կտամ, դե մտածում ես՝ մարդը ծախսել ա, չունի: Բայց երբ 2015 թվականին գնացի մոտը, երբ Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետն էր, ասեց գնա, ինչ ուզում ես արա, տալու բան չունեմ: Ես էլ ինչ ուզում ես արեցի: Դա փետրվարն էր: Էլի մարդիկ խառնեցի, որ ինքն իր ուղեղը հավաքի, պատասխան տա նորմալ, չտվեց, ես էլ նույն թվականի սեպտեմբերին հայտարարություն արեցի»,-մանրամասնեց Սիլվա Համբարձումյանը, որը կրկին պնդեց, որ 14 միլիոն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին: Ասաց, որ երկու միլիոն դոլար էլ Սամվել Մայրապետյանին է տվել:

«Գույք չեմ ստացել: Ինչի՞ համար եմ փոխանցել, ո՞վ էր Մայրապետյան Սամվելը, նախարարն էր, վարչապետն էր, ո՞վ էր նա: Դա արդեն փաստ է»,-ասաց տիկին Համբարձումյանը: Նա բուն կաշառքի գործին առնչվող հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ հատուկ քննչական ծառայությունում ստորագրություն է տվել, որ այդ թեմայով էլ չի խոսելու՝ նախաքննությանը չխոչընդոտելու նպատակով. «Ամեն ինչ ունեմ, բայց երեւի խանգարում եմ գործի քննությանը, հետո իհարկե կխոսեմ: Այն, ինչ ինձ հետ կապված է, ես հայտարարում եմ, բայց այն ինչ ես գիտեմ եւ դա գաղտնիք է, չեմ հայտարարում: Երեւի հասկացաք, որ Սիլվա Համբարձումյանն առանց փաստաթղթերի չի խոսում»:

Քանի որ թեման սպառվեց, տիկին Համբարձումյանը հորդորեց իրեն հարցեր տալ նոր Հայաստանից: Հարցին՝ կոռուպցիոն իրավիճակն ինչպե՞ս է գնահատում նոր Հայաստանում, ասաց, որ այն կամաց-կամաց կվերանա.«Նենց համակարգ ունենք, որ մինչեւ դա քանդվի գիտե՞ք ինչքան ժամանակ է պետք»:

Այն հարցին էլ, թե նոր Հայաստանում գործարարների համար ավելի լա՞վ պայմաններ կան հարստանալու, ի պատասխան, գործարարն ասաց՝ այո. «Գիտեք ինչն է հարստանալու համար լավ, որ փայ մտնող չկա, նախկինում բացի այն, որ կաշառք էին վերցնում, չէին թողնում աշխատել»:

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը դիմել էր գլխավոր դատախազություն, ՀՔԾ՝ հայտնելով, որ հանքերի շահագործման արտոնագիր ստանալու համար Արամ Հարությունյանին 14 միլիոն դոլար կաշառք է տվել՝ հենց Հարությունյանի պահանջով, սակայն նախորդ իշխանությունների օրոք, տիկին Համբարձումյանի խոսքով, Բաղրամյան 26-ի ցուցումով գործը փակվել է: Aravot.am-ի հետ զրույցում էլ նա ասել էր, որ այդ մասին ահազանգել է մի քանի տարի, սակայն գործը վերաբացվել է եւ քննություն է սկսվել իշխանության փոփոխությունից հետո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31