ՕԵԿ-ականներն այսօր նախընտրական քարոզարշավ անցկացրին Արարատի մարզում: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախընտրական հանդիպման ժամանակ դժգոհեց Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներից:
«20 տարի անց Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանավորման ժամանակաշրջանը Հայաստանում այլեւս անցյալում է, ու այդ քսան տարվա ընթացքում ժողովուրդը բազմաթիվ զրկանքներ տեսավ, այս հրաշալի հեղափոխությունը, որ ազգովի արեցին, լավ հնարավորություն է երկիրը զարգացման տանելու համար, ցավոք քսան տարվա ընթացքում այդպես էլ գյուղացու խնդիրները չլուծվեցին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նաեւ հպարտացավ իրենց կուսակցության անցած ճանապարհով. «20 ամյա կենսագրություն ունեցող ուժ ենք, որ ամուր արմատներ է նետել այս հողում, մեր թիկունքում կա վիթխարի աշխատանք: ՀՀ-ում չկա 2-րդ կուսակցությունը, որ հրապարակայնորեն կարող է հայտարարել, որ մենք այս երկրում հեղինակ ենք դարձել 250 օրենքների, որոնք հարյուր հազարավոր մարդկանց կյանքում փոփոխություններ են բերել: Մեր ջանքերով էր, որ արգելեցինք կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտի շենքերի մասնավորեցումը, թալանը, վերջին տարիներին ոչ մեկ չի խոսում՝ այս դպրոցը կամ մշակութային տունը վաճառեցին: ՕԵԿ-ը հեղինակեց օրենք, որով պետությունից ամեն ծնվող երեխա գումար է ստանում ու ամեն տարի այդ գումարը մեծանում է»:
ՕԵԿ առաջնորդը հիշեցրեց նաեւ բոլոր ընտրություններին ավանդական դարձած իրենց նախընտրական խոստումները՝ ընտրվելու դեպքում 100 տոկոսով ազատել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հողի հարկից, գույքահարկից, այգեգործների համար էլ գյուղատնտեսական աշխատանքը համարել աշխատանքային ստաժ, հաշվի առնել թոշակի գնալիս. «Մարդիկ աշխատանքի խնդիր պետք է չունենան, եթե կարող են գնալ բանակ ու դրա դիմաց փող ստանալ»:
Նրա խոսքով, իրենք դեմ են համայնքների խոշորացմանը. «Համայնքների խոշորացումն անընդունելի է, ոչ ենք ասում խոշորացմանը, միայն այն դեպքում է այն հնարավոր, եթե ուզում է համայնքի բնակիչը»:
ՕԵԿ-ը ընտրողներին առաջարկում է հասանելի բուժսպասարկում եւ Հայաստանում վերացնել ընդունելության քննությունները, որովհետեւ, ըստ Արթուր Բաղդասարյանի, այսօր համացանցի միջոցով աշխարհի լավագույն համալսարաններ հնարավոր է ընդունվել առանց քննության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ