Ինչպես տեղեկացրել ենք, երեկ իր տիկնոջ հետ Գյումրիում էր հյուրընկալվել նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրանք եղել էին թատրոնում, դիտել արցախյան քառօրյայի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։
Այսօր առավոտյան էլ շարունակեցին իրենց մշակութային այցը․ եղան Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում, շփվեցին երեխաների հետ, այնուհետ այցելեցին Մհեր Մկրտչյանի ու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ։
Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում նախագահի աչքից չվրիպեց պատին կախված լուսանկարները, որտեղ առանձնացված էր Նիկոլ Բաղդասարյանի՝ «ընգեր Նիգոլի» լուսանկարը։ Նախագահը թանգարանի տնօրենին հարցրեց՝ ո՞վ է «ընգեր Նիգոլը»։ Թանգարանի տնօրենը նախ պարզաբանեց, որ գյումրվա բարբառով է գրված, որպեսզի Գյումրու բարբառի համը զգան ու պարզաբանեց, որ նա եղել է Մհեր Մկրտչյանի առաջին ուսուցիչը, թատերական առաջին քայլերը ընկեր Նիկոլի հետ է կազմակերպել։
Նախագահն այսօր նաև շփվեց տեղի լրագրողների հետ, նրանց շուրթերով լսեց գյումրեցիներին հուզող խնդիրների մասին, բավական երկար զրույց ունեցավ։
Այս մասին քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ