Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաչոյին տանում նստեցնում, դուրս են թողնում, բայց ՀՀ ամենախոշոր օլիգարխներից մեկի հետ փոխվարչապետը տեսանյութեր է հրապարակում». Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 05,2018 16:29

Այսօր կոռուպցիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հանրային քննարկում-բանավեճի ժամանակ հարցին, թե նախկինում թալանածների հետ ի՞նչ անենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Ատոմ Մխիթարյանն ասաց, որ նախ պետք է հայտարարագրվի այն անձանց ունեցվածքը, ովքեր թալանին կարող էին մասնակցել, երկրորդ քայլն այն է, որ պիտի ապացույցներ ներկայացնեն, թե որքան մասն է օրինական, երրորդ քայլն այն է, որ եթե չեն կարողանում ապացուցել, պետք է վերադարձնեն՝ ներդրում անելով, օրինակ, պետական բաժնետիրական ընկերություններում, օրինակ:

ՀՅԴ թեկնածու Գեղամ Մանուկյանը հակադարձեց Ատոմ Մխիթարյանին՝ ասելով, որ որեւէ մեկը չպետք է ապացուցի, որ ինքն արդար է, իրավապահ մարմիններն իրենք պետք է հայտնաբերեն: «Իմ քայլը» դաշինքից Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ անձի վրա է դրվում ապացուցելու բեռը, որը թույլ է տալիս նոր Սահմանադրությունը, որի ընդունման ջատագովն էր ՀՅԴ-ն:

Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանի, հանրությունը պետք է երկու գիծ գծի՝ կարմիր ու դեղին: Կարմիր գծի տակ այն մարդիկ են, ովքեր անցած 20 տարիների ընթացքում կոռուպցիոն համակարգ են ձեւավորել, այդ մարդիկ չպետք է կարողանան պետական կառավարման համակարգում որեւէ տեղ ունենան:

Դեղին գիծը այն մարդիկ են, որոնք կոռուպցիոն մեխանիզմների մասնակցել են, բայց նրանք ապօրինի հարստացած գումարները տրամաբանական ժամկետներում հետ կբերեն:

«Քաղաքացու որոշումից» Մխիթար Նահապետյանն ասաց, որ դասական քրեադատավարական օրենսգիրքն այստեղ չի աշխատելու, ժամկետների հետ կապված, անցումային արդարադատությունն այս գործում այլընտրանք չունի. «Եթե անձը գա ներկայացնի, թե ինչ ունի ինքը թաքցրած, դա հայտարարագրվի, այն մասով, որն ապօրինի է կուտակվել, տոկոսների հետ կապված կարելի է քննարկել: Մեկն ասում է 98 տոկոսը բերի, 100 տոկոսը, օլիգարխիկ շրջանակներից լսում եմ՝ 20, 30 տոկոս, այն պահն է, որ ուզում ես ասել՝ դուք արդեն սկսեցիք սակարկել»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ 2004-ին Ռուստամյանը Սերժ Սարգսյանի հետ հրապարակային բանավեճի մեջ մտավ, որը հայտարարում էր, որ պետական գերատեսչություններում կոռուպցիա չկա: Նա նաեւ հիշեցրեց՝ երբ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, ՀՅԴ-ն մերժել էր մասնակցել՝ բացատրելով, որ չեն կարող մասնակցել մի խորհրդի քննարկմանը, որտեղ կա Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը եւ այլն:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հարցրեց՝ «Գաղտնիք չի, որ գողացված ակտիվների ճնշող մեծամասնությունը գտնվում է ՀՀ-ից դուրս օֆշորային գոտիներում, դուք կոնկրետ մեխանիզմներ տեսնո՞ւմ եք դրսից փողերը հետ բերելու, որովհետեւ ՀՀ-ում բանկային գաղտնիքի խախտման հետեւանքով դա հնարավոր է, մենք տեսանք: Մի կողմից Արմեն Ավետիսյանը նվիրաբերեց «Գոլդեն փելես» հյուրանոցը, ընդունվեց նվիրատվությունը, մյուս կողմից Մանվել Գրիգորյանինը բռնագանձվեց, այդ մոտեցումը, ուժային ճանապարհով վերադարձնելը ու մյուս տարբերակը՝ փորձել ինչ-որ ձեւ այդ թալանվածը հետ բերելը, ի՞նչ կարծիք ունեք սրա վերաբերյալ»:

Միքայել Նահապետյանը պատասխանեց, որ իրենց առաջարկած մեխանիզմը երկրորդ տարբերակին է մոտ. «Ավելի խաղաղ մթնոլորտում է պետք հարցերը լուծել»:

Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ հստակ պատկերացում չունեն դրսի օֆշորային գոտիներում եղած կապիտալն ինչպե՞ս բերել. Արմեն Ավետիսյանից կամ Ավետիսյան ընտանիքից որեւէ մեկդ լսե՞լ եք, որ հյուրանոց են նվիրում, ես չեմ լսել: Դա ասել է միայն վարչապետը, կամ Սաշիկ Սարգսյանի՝ 30 մլն դոլար նվիրատվության մասին լսե՞լ եք, կա քարոզչություն եւ կա ռեալ կյանքը»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է խտրական լինի. «Ընտրողական վիճակ պետք է չլինի: Հարյուր ամենահարուստ մարդկանց վերցնենք, այսօր կառավարությունը որոշել է բոլորի ապօրինի հարստացման մասով ստուգում անցկացնի, տեսնո՞ւմ եք այսօր դա, չե՛ք տեսնում: Վաչոյին տանում, բերում են, տանում նստեցնում, դուրս են թողնում, բայց ՀՀ ամենախոշոր օլիգարխներից մեկի հետ այսօր ՀՀ փոխվարչապետը իր PR-ի համար տնտեսության արդիականացման նոր արտադրամաս հիմնադրելու մասին տեսանյութեր է հրապարակում, անկեղծ խոսենք, ժողովուրդ ջան: Չե՛նք տեսնում: Երբ որ մեկին նստեցնում են ու մյուսին չեն նստեցնում, այդ դեպքում ընտրողականությունը աչք է զարնում»:

Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ անցումային արդարադատության գործիքակազմ պետք է լինի: Ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը խտրական է, դա նշանակում է, որ ի սկզբանե բոլորին համարում ենք կոռուպցիոներ: Նա վստահեցրեց՝ «Նվիրատվությունները չեն ընդունվել, գույքը կարող է ձեռք է բերվել գողության արդյունքում, դա քրգործով անցնում է որպես գողոն ու քանի դեռ չկա դատական ակտը, այդ նվիրատվությունները պետության կողմից ընդունելի չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31