Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է». Դավիթ Շահնազարյան

Դեկտեմբեր 05,2018 16:18

ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանը երեկ հրավիրած ասուլիսում հորդորել էր Սասուն Միքայելյանին հարցնել, թե ո՞ւմ էր ուզել Վազգեն Սարգսյանը գնդակահարել՝ Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար: Ի պատասխան՝ Սասուն Միքայելյանն ասել էր, որ Օմարի լեռնանցքը, մինչեւ ինքը հասել է այնտեղ, արդեն հանձնված էր: Նաեւ Մարտի 1-ի հետ կապված Միքայելյանն ասել էր, որ Դավիթ Շահնազարյանը իր հետ առանձնազրույց է արել, որ կա պետական որոշում, հրաման ու իրեն պետք է կրակեն, հորդորել է Միքայելյանին հեռանալ, սակայն նա չի արել՝ նախընտրելով մնալ ժողովրդի հետ:

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներն այս առնչությամբ խնդրեցին պարոն Շահնազարյանին մեկնաբանել՝ այդ ի՞նչ որոշում է եղել ու որտեղի՞ց է Դավիթ Շահնազարյանն իմացել այդ որոշման մասին:

Նա պատասխանեց. «Նա ինձ զանգել էր, ընդ որում զանգել էր արդարանալու, ինչ-որ մարդու անուն էր տալիս, այնուհետեւ անջատել եմ հեռախոսը: Առաջինը՝ Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Երկրորդ՝ այդ հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետեւ եթե ճիշտ պատասխաներ, պիտի ասեր՝ ես եմ ճողոպրել Օմարից այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ ճողոպրեց ինձնից»:

Հետո Շահնազարյանը մանրամասնեց, թե ինչ են խոսել Սասուն Միքայելյանի հետ հեռախոսազրույցում. «ինքը արդարացնող տոնով ասում էր, որ դա ես չեմ եղել, ես ասել եմ՝ դա քո պրոբլեմն է: Հետո սկսեց ինչ-որ բաներ ասել, որին ես անջատեցի հեռախոսը: Եղել է մի զանգ, որին ես պատասխանել եմ»:

Շահնազարյանը դիմեց Հրազդան քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչներին՝ ասելով, որ այնտեղ այսօրվա իշխող ուժը պետք է զրո ձայն ստանա. «Ես կոչ եմ անում միահամուռ քվեարկել ցուցակում առաջին համարին՝ ՀՀԿ-ին, քանի դեռ այդտեղ ընդհանրապես ճորտատիրական իրավունքներ չի հաստատել Սասունը»:

Լրագրողները փոխանցեցին՝ Սասուն Միքայելյանը ձեզ մեղադրում է նախկին իշխանությունների հետ կապ ունենալու մեջ: Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանը երկու անգամ ՀՀԿ է մտել եւ դուրս եկել»:

Մենք հարցրեցինք՝ դուք Սասուն Միքայելյանի հետ նույն թիմում էիք ՀԱԿ-ի կազմում, ինչո՞ւ այն ժամանակ այդ մասին չէիք խոսում՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Որովհետեւ նա այն ժամանակ Արցախի վերաբերյալ նման…ածական չեմ ուզում ասել, բան չէր հայտարարել, թե Արցախը մեր համար…, մեր այսպես կոչված հեղափոխությունն է ամենակարեւորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել